շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երկրի ջերմաստիճանը կարող է բարձրանալ, եթե չձեռնարկվեն Փարիզի համաձայնագրով նախատեսված քայլերը

Երկրի ջերմաստիճանը կարող է բարձրանալ, եթե չձեռնարկվեն Փարիզի համաձայնագրով նախատեսված քայլերը

Այս հարյուրամյակի ավարտին Երկրի ջերմաստիճանը կարող է բարձրանալ Ցելսիուսի 3,4-3,9 աստիճանով, եթե չձեռնարկվեն կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրով նախատեսված քայլերը՝ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, ասված է Ժնեւում հրապարակված ՄԱԿ Շրջակա միջավայրի Ծրագրի (ՅՈւՆԵՊ) ամենամյա զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հետազոտությունում ՅՈւՆԵՊ-ի փորձագետները վերլուծել են խզումը Փարիզի համաձայնագրում նշված կողմնորոշիչների եւ իրական վիճակի միջեւ։ Ընդգծվում է, որ «երկրները հավաքական անհաջողություն են կրել՝ չկարողանալով կանգնեցնել ջերմոցային գազերի արտադրման գլոբալ աճը, եւ դա նշանակում է, որ հիմա ավելի արագ կրճատում կպահանջվի»։ «Գազերի արտանետումը վերջին տասնամյակներին ավելացել է ամեն տարի 15 տոկոս տեմպերով» եւ 2018-ին հասել «ռեկորդային 55,3 գիգատոննայի»։

Որպեսզի Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը ներկա հարյուրամյակի վերջին չգերազանցի Ցելսիուսի 2 աստիճանը, կպահանջվի մինչեւ 2030 թ. նվազեցնել արտանետումները 25 տոկոսով, իսկ ջերմացումը մեկուկես աստիճանով նվազեցնելու համար անհրաժեշտ է 55 տոկոսով նվազեցնել դրանք։

Սա նշանակում է, որ 2020-2030 թվականներին ջերմոցային գազերի արտադրումը պետք է նվազի ամեն տարի 2,7 տոկոսով կամ 7,6 տոկոսով համապատասխանաբար։ «Եթե ամեն բան թողնվի այնպես, ինչպես կա, ապա այս հարյուրամյակում կարելի է սպասել ջերմաստիճանի 3,4-3,9 աստիճան բարձրացում, ինչը կհանգեցնի կլիմայի համար լայնածավալ ավերիչ հետեւանքների»,-նշել են փորձագետները։

Նշվում է նաև, որ ՅՈւՆԵՊ-ում մեծ հույսեր են կապում G20-ի երկրներում գազերի արտադրումը նվազեցնելու հետ: Նրանց ընդհանուր առմամբ բաժին է ընկնում մթնոլորտ արտանետվող բոլոր ջերմոցային գազերի 78 տոկոսը։

  • Կիսվել: