Երևանում գույքի ու հողի հարկերը կարելի է վճարել ցանկացած վարչական շրջանում. քաղաքապետարան
Այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքի ո՛ր հատվածում է գտնվում հարկատուի գույքը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել:
Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:
Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։