Երևանում ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:
Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ KIA-ն, երբ նկատել է, որ 2 հետիոտներ փողոցն անցնում են, կանգնել է, որպեսզի նրանք անցնեն, ովքեր փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ 2 մետր այն կողմ գետնանցումն էր, և այդ ժամանակ Opel-ը բախվել է KIA-ին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: