Երևանում ավտոմեքենայի միջից գողացել են ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպային պաշտպանության նախկին նախարարի կողմից պարգևատրված «Մակարով» տիպի ատրճանակը
Հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 20․20-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հրայր Նազարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16․15-ից 17․30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Չարենցի փողոցում կայանված, իրեն պատկանող Nissan Pathfainder մակնիշի ավտոմեքենայի դռները չկողպված լինելու հանգամանքից, սրահից գողացել են իրեն պատկանող ձեռքի պայուսակը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Հ․Նազարյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է ատրճանակ։
Գ․Շամշյանի տեղեկություններով, ատրճանակը եղել է «Մակարով» տիպի 9մմ տրամաչափի, և այն 2016 թվականին այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որպես պարգև տրվել է Հ․Նազարյանին։ Վերջինս ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպա է։
Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։