շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանին մոտ քաղաքներում կառուցապատումների աճ է նկատվում. Արմեն Սաքապետոյան

Երևանին մոտ քաղաքներում կառուցապատումների աճ է նկատվում. Արմեն Սաքապետոյան

Փետրվարին գրանցվել է վերջին 14 տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ 21 հազար 159 իրավունքի պետական գրանցման գործարք: Նախորդ տարվա նկատմամբ ունեք 26,8 տոկոսի աճ: Վերջին 3-4 տարիներին ակտիվությունը արդեն նկատելի էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը՝ խոսելով անշարժ գույքի շուկայի միտումների և առկա խնդիրների մասին:

Նրա խոսքով նման աճ գրանցվել է ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Հունվարի ընթացքում էլ  գրանցվել է 16 հազար 394 իրավունքի պետական գրանցում:

 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը վստահեցնում, որ կառուցապատումների աճ է գրանցվել հատկապես Երևանին մոտ քաղաքներում: Հեռավոր մարզերում, սակայն պատկերը փոքր ինչ այլ է:

«Հեռավոր մարզերում դեռևս նման աշխուժություն չի նկատվում, որովհետև այնտեղ գները բավական ցածրն են , և բիզնեսների համար նպատակահարմար չէ այնտեղ տեղափոխվելը: Կարծում եմ պետք է հեռավոր մարզերում փոխվի քաղաքականությունը քանի որ մենք ունենք բնակֆոնդի նորացման խնդիր»,-պարզաբանեց Արմեն Սաքապետոյանը: 

Արմեն Սաքապետոյանի խոսքով, մինչև կառուցապատման այս ակտիվացումը, մինչև 2015-2016 թվականներ, կառուցապատում շատ քիչ է տեղի ունեցել, և ըստ էության, մենք հին բնակֆոնդի ռենովացիայի խնդիր ունենք:

 «Քաղաքաշինության տեսանկյունից, պետք է հնարավորինս սահմանափակվեն կետային կառուցապատումները և Կառավարությունը պետք է ավելի շատ նպաստի ռենովացիոն ծրագրերի իրականացմանը, մասնավորապես 1950-60 ական թվականներին  կառուցված բնակֆոնդի թարմացմանը»,-ասաց նա և հավելեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Երևանին, այլև մարզերին, որովհետև 4-րդ աստիճանի վթարային շենքեր ոչ միայն Երևանում կան, դրանք կան հատկապես երկրաշարժ տեսած գոտիներում:

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանը չկարողացավ դառնալ ներդրումային երկիր անշարժ գույքի ոլորտում: Քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ ներդրումային տեսանկյունից շահավետ լինի Հայաստանում գույք ձեռք բերելը, որպեսզի եկամտահարկի կամ նմանատիպ ծրագրերի բացակայության պայմաններում քաղաքաշինական գործունեության ակտիվությունը չնվազի:

  • Կիսվել: