Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են. խոսնակ
անրահայտ փաստ է, որ 2018-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ ընդգրկված էին և՛ անկուսակցականներ, և՛ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որը գլխավորում էր Հայկ Մարությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն։
«Ընդհանրապես թիմը հեղափոխական էր, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրություններն էին, որոնցում Հայկ Մարությանն ու իր թիմը նկատելի առավելություն ստացան»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ քաղաքային իշխանության ունեցած հարաբերություններին, Կարապետյանն ասաց․
«Հարությունյանն իր՝ օրերս տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում շատ իրավացիորեն նշեց, որ Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ գերատեսչությունների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսի հարաբերությունները ենթադրում են որոշակի հարցերում որոշակի տարակարծություններ կամ անհամաձայնություններ, դա շատ նորմալ է, որևէ հարաբերություն առանց դրա բացառվում է»,-ասաց նա։
Հարցին՝ Մարությանն ինչու՞ քարոզարշավի ընթացքում չի սատարել ՔՊ-ին, և անհամաձայնություններն ինչի՞ն են վերաբերում, Կարապետյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, թե չպետք է կենտրոնանալ այդ արտահայտության վրա, քանի որ որևէ հարաբերության մեջ տարաձայնություններից խուսափելն անհնարին է։
«Երևանում բազմապիսի ու բազմաթիվ խնդիրներ կան, որոնք Հայկ Մարությանի ղեկավարած հեղափոխական թիմը 2018-ի հոկտեմբերից ի վեր քայլ առ քայլ լուծում է»,-հավելեց Կարապետյանը։