Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձանի նախագծի մրցույթ է հայտարարել
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ։ Այս մասին PrimeNews.am-ին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքիյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում: Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները: Նշվում է նաև, որ կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»: