շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար․ Մնացականյան

Երեւանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար․ Մնացականյան

Քաղաքացիներն այս պահին  բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Քաղաքապետի նախկին թեկնածու Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանը պետք է պիլոտային ծրագրեր աներ, սակայն այդ մասին ոչ մի տեղեկություն չկա:

 «Քաղաքացիների ձայնը երբեւէ ինչ-որ մեկը լսե՞լ է։ Նման ծրագրերը իրականացնելիս, հատկապես եթե դա արվում է հարկատուների հաշվին, քաղաքացիների ձայնը պետք է լսել։ Օրինակ՝ տրանսպորտի ոլորտը քաղաքային կառավարման ամենանուրբ ոլորտն է, պետք է արվեն պիլոտային ծրագրեր։ Մենք չգիտենք, որ որեւէ պիլոտային ծրագիր արվել է։ Իրենք անում են ընդամենը հասարակական տրանսպորտի վիճակի վատթարացում, որովհետեւ այս մոդելով դա չի աշխատի, ինչպես որ չաշխատեց կարմիր գծերի թանկացումը կենտրոնում։ Այսինքն՝ մենք տեսանք, որ առանց կենտրոնի բնակիչների կարծիքը լսելու դա արվեց։ Չի բեռնաթափվել կենտրոնը, ընդամենը ցերեկը որոշ փողոցները որոշ ժամերի բեռնաթափվել են։ Բայց տուրիստական փողոցներում որեւէ բան չի բարելավվել։ Այստեղ կա տրանսպորտի եւ հասարակական տրանսպորտի տարբերություն։ Այսօրվա քաղաքային իշխանությունը խոսում է միայն հասարակական տրանսպորտի մասին։ Բայց տրանսպորտը նաեւ մեր տաքսիներն են, մեր տաքսիները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են, այդ մարդկանց ձայնն այսօր լսելի չէ։ Տաքսիների հետ որեւէ աշխատանք չկա, տաքսիներն իրենք իրենցով պայքարում են օնլայն տաքսիների ու քաղաքապետարանի հետ»։

Ըստ նրա՝ Երեւանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար։ «Եվ այդ գումարի տեղը մենք ասում ենք, թե որտեղ է։ Բայց այս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքի բյուջե։ Էլ չեմ ասում, որ միլիարդավոր վարկեր ենք վերցրել մեր ուսերին, դա փակելու են մեր երեխաները։ Հասարակական տրանսպորտի անվճար լինելը ոչ թե պոպուլիստական կամ ինքնանպատակ է, դա ստիմուլյացիա է, որպեսզի մարդիկ ավելի քիչ սկսեն օգտվել անձնական մեքենաներից»,- ասաց նա։

Նա հարցադրում արեց․ «Արդյոք սա այդքան կարեւոր հա՞րց էր այս պահին։ Անպատասխանատուների իրավիճակ է ստեղծվել։ Այսօր Երեւանի պատմական ծառերը՝ թեղիների, հացենիների մասին է խոսքը, որոշները հիվանդ են, կարիք կա դրանք փոխարինելու, բայց նրանք ոչնչացրեցին՝ թաքնվելով որոշ չակերտավոր գիտնականների ստորագրությունների տակ։ Այսօր Երեւանի կենտրոնի պատմական ծառերի ճակատագիրը որոշում է երկու մարդ՝ մեկը Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարն է, մյուսը՝ Բուսաբանության ինստիտուտի նախկին տնօրենը, որոնք տարբեր քրեական գործերով վարույթի տակ են։ Եվ այդ երկու մարդը, որոնք կանաչապատման ոլորտում տարբեր քրեական գործերով են անցնում, իրենք որոշում են Թումանյան փողոցի ծառերը լինեն, թե՞ ոչ»։

Վիկտոր Մնացականյանը հավելեց, որ քաղաքային իշխանությունները որեւէ միջազգային մասնագետի հետ չեն քննարկել՝ արդյոք Երեւանում ո՞ր տրանսպորտային ուղղությունն է ճիշտ զարգացնել. «Մենք առաջարկում ենք տրամվայը, որն ավելի էկոլոգիական ու կոլորիտային է։ Եվրոպական վերջին 20 տարիներին 300 քաղաք տրամվայները հետ են բերել»։


  • Կիսվել: