կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով. ԱՆ

Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Նշվում են նաև ռիսկի խմբերը, որոնցից որևէ մեկում լինելու դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Կայքում նշված է.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:

Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝

  • հղիներ,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
  • 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,
  • տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
  • փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
  • հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Միաժամանակ հայտնում ենք, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց:

Նշենք, որ գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորոբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է»:

  • Կիսվել: