Երաշխավորում ենք, որ տասը տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվելու. Փաշինյան
Այսօր առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գնաճին, ջրի ու գազի սակագների բարձրացմանը:
՛՛ՀՆԱ-ի հետ կապված հայտարարությունները, որ մենք արել ենք, օդից չենք արել, հաշվարկներ են եղել, ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 2019-ին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր։
2020-ին ունեցանք համավարակ և պատերազմ, ցավոք սրտի։ Խոսք է գնում գնաճի մասին, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում է միայն գնաճը։ Նույն 2019-ին ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել, սա շնորհիվ նրա, որ մենք 2018-2019-ին լուծել էինք մենաշնորհների հարցը, այսօր այն գնաճային երևույթները, որ կան, ընդամենը գլոբալ գնաճային երևույթների արձանագրում են։ Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճ չունի, սա այսօր գլոբալ պրոբլեմ է՛՛,-նշեց նա։
Խոսելով խմելու ջրի թանկացման մասին՝ Փաշինյանն ասաց. ՛՛Նախ՝ սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել։ Մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև տեսել ենք, որ, այո, կարող ենք գինը նույնը պահել մինչեւ 2024 թիվը, բայց դրանից հետո այն էականորեն կբարձրանար։ Այս կարգավորումով ստեղծել եք մի իրավիճակ, որով երաշխավորում ենք, որ տասը տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվելու, նման բան Հայաստանում երբեք չի եղել, իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի։ Կարող է տարբեր պարամետրերից կախված մեկ, երկու, երեք դրամի տարբերություն տեղի ունենալ, որը կարծում եմ, լավ լուծում է՛՛: