հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

ԵՊՀ գիտխորհուրդը փետրվարի 21-ին քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների նոր նախագիծը: Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվականից:

 

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի կողմից ձևավորվել էր հանձնաժողով, որը մշակել և համակարգել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները, ապա մշակել նախագիծ, որի վերաբերյալ խորհուրդը պետք է հայտներ իր կարծիքը:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ժամանակ նիստի մասնակիցները, քննարկելով այդ նախագիծը, միասնական որոշում չկայացրին: Որոշվեց գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել միայն օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ առանց հիմնավորումների:

Կազմվել էր նոր հանձնաժողով, որի կազմում են ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը:

Նախքան նիստի մեկնարկը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ այս գիտական խորհրդի նիստը գիտական խորհրդի կանոնակարգի խախտմամբ է տեղի ունենում, քանի որ գիտական խորհրդի կանոնակարգը հստակ սահմանում է, որ գիտական խորհրդի օրակարգը պետք է տրամադրվի 5 օր առաջ, իսկ նյութերը՝ 3 օր առաջ:

«Նաև սահմանվում է, որ գիտական խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի ստորագրությամբ կամ գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ: Կարծում եմ՝ սա գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ է, այնուամենայնիվ, այդ դեպքում փաստաթղթերը և օրակարգը պետք է ուղարկվեին 3 օր առաջ, բայց ուղարկվել են մեկ օր առաջ: Սա ընդամենը իմ մտահոգությունն է»,- ասաց Արմեն Ավետիսյանը:
 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ գիտխորհրդի նիստի մասին հայտարարվել է խորհրդի անդամներին նախօրոք՝ սրանից ուղիղ 8 օր առաջ, նախորդ հինգշաբթի, և այդ ժամանակ որևէ առարկություն չի եղել.

«Ինչ վերաբերում է նյութերի՝ 5 օր առաջ ուղարկելուն, կարող եք համարել նյութ չի ուղարկվել, և այս նիստին էլ կարող եք առաջարկներ անել: Այն ժամանակ, երբ ընթացակարգը բացատրեցի, թե երբ պիտի հավաքվենք ու ինչ պիտի անենք, այս ամենը պարզ էր: Այն ժամանակ առարկություն չի եղել»:
 

Նա փաստեց, որ ցանկության դեպքում հարցը կարող է քվեարկության դնել և որոշել՝ գիտխորհրդի նիստը օրինաչա՞փ է, թե՞ խախտումով: Արմեն Ավետիսյանն ասաց, որ ինքը պարզապես իր մտահոգությունն է հայտնել:

Քննարկման ավարտին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ ընդունված առաջարկությունները երկուշաբթի կուղարկեն նախարարություն:

ԵՊՀ գիտխորհրդի նիստի ընթացքի մասին առավել մանրամասն՝ այստեղ:

  • Կիսվել: