Բագրատունյաց պողոտայում պատշգամբը 5-րդ հարկից փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ Տեղում պարզվել է, որ թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա, և փրկարարները ավտոսանդուղքով 2 քաղաքացու բարձրացրել են թիվ 62 բնակարան։
Նրանք օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներն են Երևանի բնակիչներ, 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը; Տեղեկությունը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Բնակիչներն ասում էին․ «Էս շենքը սովետական տարիներին է կառուցվել, ու գրեթե բոլոր պատշգամբներն էլ նույն վիճակում են։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք թաղապետարան։ Միայն գալիս, նայում են ու ասում, թե մի բան կանեն, ու էնքան մի բան չարեցին, որ էսօր էս վիճակին հասանք։ Թաղապետարանը գալիս, բալկոն ա ներկում։ Էդ ներկելու ժամանակ մեռանք ասելով՝ ճիշտը պատշգամբների հիմնանորոգումն է, էդ ներկը խնդրի լուծումը չի։ Հիմա ինչի՞ պիտի երկու հոգի տուժեն ու տեղափոխվեն հիվանդանոց։ Երբ մենք մեր ուժերով ցանկացել ենք պատշգամբները հիմնանորոգել, թաղապետարանից եկել ու հոխորտացել են, թե եթե բալկոններին ձեռք տաք, կտուգանվեք։ Հիմա Շենգավիթի թաղապետարանում հետաքրքիր է՝ ինչ են մտածում։ Դրա համար հույս չունենք թաղապետարանից, ավելի լավ է դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ էս խնդիրը, էս մահաբեր պատշգամբները հիմնանորոգելու համար»»,-հայտնում է shamshyan.com-ը։



