Դուք հավակնեցիք դառնալ սուպեր նախարար և տապալեցիք կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը. Անի Սամսոնյան
«Հարգելի պարոն Հարությունյան, Դուք հավակնեցիք դառնալ սուպեր նախարար և տապալեցիք կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը, որով պահանջում են նախարարի հրաժարականը:
Նրա խոսքով՝ Ա. Հարությունյանի պաշտոնավարումից անմիջապես հետո կրթության հիմնահարցերը թողած՝ պատերազմ հայտարարեց «ԱՅԲ» դպրոցին և պարտվեց այդ պատերազմում։
«Դուք հրապարակային և ոչ հրապարակային սկսեցիք նվաստացնել մանկավարժներին, ծաղրել նրանց կարողությունները: Դուք հայտարարեցիք, որ ապակուսակցականացնում եք դպրոցները, բայց կառավարման խորհուրդներում հանրապետականներին դանդաղ փոխարինեցիք ՔՊ-ականներով, կրկնապատկեցիք վախի մթնոլորտը դպրոցներում»,- նշեց Անի Սասմոնյանը՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը քաղաքականացրել է մայր բուհի հոգեբարձուների խորհուրդը:
Պատգամավորը նաև ասաց, որ նախարարը վերացրել է Կրթության ազգային իստիտուտը և առ այսօր ոչինչ չի ստեղծել։
«Դուք մտադրություն ունեք վերացնելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Ձեր պաշտոնավորման կարճ ժամանակահատվածում աճեց հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը՝ 274-ից դառնալով 367: Ձեր ապաշնորհ կառավարման և կիսատ-պռատ բարեփոխումների հետևանքով 2020 թվականի մի ամբողջ սերունդ զրկվեց բուհ ընդունվելուց, Դուք ոչ թափանցիկ մրցույթներով, անհասկանալի սկզբունքներով ընտրված փորձագիտական խմբերով մշակեցիք հանրակրթության չափորոշիչներըև պարզվեց՝ դրանց մի մասն էլ գրագողություն է, որին առ այսօր գնահատական չեք տվել»,- ասաց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ նախարարը բոլոր իրեն քննադատողներին անվանել է խավարամիտներ:
Այնուհետև պատգամավորը ավելացրեց.
«Պարոն նախարար, ինչպես «Արարատը սուրբ լեռ է» արտահայտությունը բաժակաճառ է Ձեզ համար, այնպես էլ Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը արդեն բաժակաճառ է բոլորի համար, դրան հավատում են միայն ձեր օգնականները»։


