Դիմում՝ կրկեսում կենդանիների շահագործումն արգելող օրենքի նախագծով հանդես գալու մասին. պատգամավորների արձագանքը
Դերասան Դավիթ Առաքելյանը կրկեսում կենդանիների մասնակցությամբ համարներն արգելելու խնդրանքով դիմել է ՀՀ կառավարություն, Ազգային Ժողով եւ Երեւանի քաղաքապետարան: Նաեւ ֆեյսբուքյան իր էջի միջոցով նշել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ու պատգամավոր Հրաչյա Հակոբյանին՝ գրելով. «Խնդրում եմ հանդես գալ կրկեսում կենդանիների մասնակցությամբ համարներն արգելող օրենքի նախագծով», գրում է armtimes.com-ը:
Ալեն Սիմոնյանը մեկնաբանություններում արձագանքել է դերասանի խնդրանքին եւ հայտնել, որ պատրաստ է քննարկման: Ավելի ուշ պատասխանել է նաեւ Հրաչյա Հակոբյանը: «Ես էլ եմ պատրաստ մասնակցել քննարկումներին»,- գրել է պատգամավորը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Առաքելյանը հայտնեց, որ բացի պաշտոնատար անձանց դիմելուց, ստորագրահավաք է նախաձեռնել: «Ստորագրահավաքը յուրատեսակ հանրային քննարկում եմ համարում, որի արդյունքներով կկարողանանք գնահատել հանրության վերաբերմունքը: Առայժմ կոչ եմ արել Աժ-ի պատգամավորներին նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց նա:
Նշեց, որ ստորագրահավաքը նպատակ ունի առաջարկել ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին հանդես գալ կրկեսում կենդանիների մասնակցությամբ համարներն արգելող օրենքի նախագծով: «Վերջ տանք կենդանիներին՝ մեր զվարճանքների համար տանջելուն եւ օգտագործելուն»,- նշված է https://www.change.org/ էջում, որտեղ էլ իրականացվում է օնլայն ստորագրահավաքը: Երեկ սկսված ստորագրահավաքին միացել են դեռեւս 150 հոգի:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին էլ ստեղծվել էր «Կրկես՝ առանց կենդանիների» շարժումը: Այդ նախաձեռնության հեղինակը ճարտարապետ Ամելիա Մարուքյանն է, որին ավելի ուշ միացել են իր ընկերներն ու մի շարք կենդանասերներ: Չնայած սրանք անկախ, մեկը մյուսի հետ կապ չունեցող նախաձեռնություններ են, սակայն նպատակը նույն է՝ հասնել նրան, որ Հայաստանում օրենքով արգելվի կենդանիների շահագործումը, մասնավորապես՝ կրկեսում դրանց ցուցադրումը բացառվի: