ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեսպանը հանդիպել է Ռումինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դան Քրիստիան-Պոպեսկուի հետ

Դեսպանը հանդիպել է Ռումինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դան Քրիստիան-Պոպեսկուի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դան Քրիստիան-Պոպեսկուի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են ինչպես միջխորհրդարանական համագործակցության, այնպես էլ Ռումինիայում հայկական համայնքի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Պարոն Պոպեսկուն, ով նախկինում բարձր պաշտոններ էր գրավել Բուխարեստի 2-րդ սեկտորի (գտնվում են հայկական թաղամասն ու Հայկական փողոցը, Սբ․ Հրեշտակապետներ Միքայել և Գաբրիել առաջնորդանիստ տաճարը) համայնքապետարանում, կիսվել է հայ համայնքի ու եկեղեցու ներկայացուցիչների հետ իր ունեցած շփումների դրական տպավորություններով:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև Ռումինիայում հայկական պատմական ժառանգության պահպանությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր:
 
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ: Դեսպանը պատգամավորին ներկայացրել է ներկայիս իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես, անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունները, դրանց քաղաքական հետևանքներն ու ստեղծված հումանիտար ճգնաժամը:
 
Կողմերը քննարկել են նաև մշակութային, հումանիտար ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: