երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Մասնավորապես՝ դատախազը գտել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ նախաքննություն և դեռևս պետք է կատարվեն բազմաթիվ քննչական, այլ դատավարական գործողություններ, որոնց պայմաններում որևէ այլ խափանման միջոց, բացի կալանավորումը, ի զորու չեն կանխելու մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, չեզոքացնելու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմամբ դատարանի կողմից նշված հիմքերը: Բողոքի հեղինակին հեռախոսով տեղեկացվել է որոշման կայացման մասին:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վարուժան Մկրտչյանի գործով։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 340 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներից մեկին եւ առաջարկել է հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չներկայնալ դատական նիստին՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը պետք է վճարի որպես դրամական փոխհատուցում։

  • Կիսվել: