Dasaran.am-ը ստիպված է պայքարել իր բարի համբավի պահպանման համար․ հայտարարություն
Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։ Այս մասին ասվում է Dasaran կրթական ծրագրի տարածած հայտարարությունում։
«Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման կազմակերպման գործում իր արագ արձագանքի և իր մշակած գործիքակազմի միջոցով ընդգրկվել է աշխարհի 100 առաջատար տեխնոլոգիական լուծումների շարքում, այժմ ստիպված է պայքարել իր բարի համբավի պահպանման համար։
Dasaran-ը սեփական գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ և սեփական ջանքերով մոբիլիզացված ռեսուրսների միջոցով առանց մեկ լումա պետական ֆինանսավորման հիմնադրված կրթական համակարգ է, որի արդյունքում ստեղծվել է հանրային բարիք։ Այն նպատակ է հետապնդում տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստել կրթական ոլորտի բարեփոխմանը և թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը:
Dasaran-ն ունի համապետական ծածկույթ և միավորում է Հայաստանի և Արցախի 1,488 պետական հանրակրթական դպրոց՝ մեկ հարթակում 1,214,409 գրանցված բաժանորդի (աշակերտ, շրջանավարտ, ծնող, ուսուցիչ և տնօրեն) հնարավորություն տալով օգտվել մշակված գործիքներից։
Իր գործունեության ընթացքում Dasaran-ը ստեղծել է դպրոցների առցանց կառավարման համակարգ, աշակերտների առաջադիմության վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, ինչպես նաև մշակել լայն հնարավորություններ ընձեռող էլեկտրոնային գործիքներ, այդ թվում՝ կրթության խաղայնացման հնարավորություններ։
Կրթական ծրագիրը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հարթակներում, ինչի մասին է փաստում այն, որ 2016 թվականին Dasaran-ը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական կրթական ծրագրերից մեկը: Իր գործունեության ողջ ընթացքում` ավելի քան 10 տարի շարունակ, Dasaran-ը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցել թե' աշակերտներին, թե' ուսուցիչներին և ծնողներին և թե' Կառավարությանը: Պետական աջակցությունը, որը ստացվել է միմիայն 2 տարվա ընթացքում՝ 2017թ. և 2018թ.-ին, ամբողջապես օգտագործվել է` ի նպաստ վերոնշյալ գաղափարների շարունակական իրականացման:
Պատրաստակամ ենք լիովին համագործակցելու վարույթ իրականացնող մարմնի հետ՝ հորդորելով ահապաղ Dasaran-ի ստեղծողներին ու գործունեությունը համակարգողներին հրավիրել հարցաքննության։
Դեռևս հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով ու շահագրգրռվածություններով, և անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունն ու Dasaran-ի բարի համբավն ու հեղինակությունը արատավորելու փորձերը, մեղմ ասած, կձախողեն:
ՀԳ Dasaran-ը նույն տեմպով շարունակում է աշխատել… Առողջ եղեք»։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում:
Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180 մլն ՀՀ դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։
Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։
Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է շուրջ 138.5 մլն ՀՀ դրամ։
ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։
Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ և ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերևութ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


