Չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ. Ռոմանոս Պետրոսյանը դժգոհել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքից
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացնում Դիլիջան ազգային պարկի աշխատակազմի հետ։ Այս մասին հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Նախարարն իր դժգոհությունն է արտահայտել ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։
«Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։
Օրենքի գերակայության վերականգնումն առաջնային խնդիր է, որ նախարար Պետրոսյանը դրեց ազգային պարկի աշխատակազմի առաջ։
Նախարար Պետորսյանը հավաստիացրեց, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝սեփական, նեղ անձնական շահերի համար։
Նախարարի պնդմամբ, անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պատժվի #օրենքի_ուժով և ողջ խստությամբ։
Շրջակա միջավայրի նախարարը կոչ է արել պաշտպանել բնության հատուկ պահպանվող՝ Դիլիջան ազգային պարկի ենթակայության տարածքները, ձևավորել թիմայի ու միակամ աշխատաոճ»,- գրել է խոսնակը։


