Չկա տրանսպորտային համակարգ, ունենք մեկ ոտքի վրա կանգնած կամ իրար գիրկ նստած ուղևորներ. ավագանու անդամ
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարել ու պայքարելու է քաղաքացու շահերը պաշտպանելու համար՝ լինի դա տրանսպորտի թանկացում կամ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գների կտրուկ աճ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:
«Տրանսպորտային բարեփոխման տակ այս իշխանությունները հասկանում են միայն թանկացումներ։ Այս պահին բարեփոխում ասածն իրենց կատարմամբ թղթետոմսակների պատուհաս դառնալն է քաղաքացիների գլխին, երբ տոմսը սահմանափակ օրերով է և «վառվում է», երբ այն չես կարողանում օգտագործել։ Օրինակ, երբ պարզվում է, որ տեղ չկա ավտոբուսում:
Փորձում եք մի համակարգ թանկացնել, որտեղ կային բազմատեսակ խնդիրներ և թերություններ: Չկա տրանսպորտային համակարգ, չկա արժանապատիվ ուղևորափոխադրում: Փոխարենը ունենք մեկ ոտքի վրա կանգնած կամ իրար գիրկ նստած ուղևորներ, ժամանակացույցի բացակայություն, վճարման համակարգերի հաճախակի խափանումներ, «Թելսելի» վատ գործարկում, որի արդյունքում շատ դեպքեր ունենք, որ Թելսել վճարում կատարելիս գումարները գանձվում են, բայց ուղևորատոմս չի ստացվում: Սա էլ թալանի մեկ այլ գործիքակազմ է»,-ասաց նա:
Արշակ Սարգսյանի խոսքով, ՔՊ-ն ժողովրդին անհանգստություն և մտահոգություն տալուց բացի որևէ կերպ չփորձեց թեթևացնել նրա կենցաղը.
«Մայր Հայաստանը» պայքարում է կարմիր կետագծերի թանկացման դեմ, նաև ունեցանք ցանկալի արդյունք դատարանի որոշում։ ՔՊ-ի և իրենց կցվածների բերած թանկացումը դատարանում ճանաչվեց ոչ իրավաչափ։ Սակայն այս իշխանության համար ամեն ինչ միևնույն է, ոչինչ հաշվի չի առնվում։ Կրկին քննարկվում է կարմիր գծերի նախագիծը և էլի նույն ոչ իրավաչափ հիմնավորմամբ և նույն թանկ գներով։
Ասում էին, թե իբր կենտրոնը բեռնաթափելու համար է թանկացումը, բայց իրականությունն այլ է, արդյունքներն այլ են։ Քաղաքը բեռնաթափելու համար անհրաժեշտ է ավտոկայանատեղիների կառուցում։ ՔՊԿ-ն 2025 թվականի բյուջեով չի նախատեսել նման բան։ Կարող ենք կատարել մեր հետևությունը և պնդել, որ քաղաքային իշխանությունը զբաղված է ոչ թե քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելով, այլ սեփական բիզնես շահերը պաշտպանելով»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը, ապա դիմեց իշխանություններին. «Դուք ստանձնել եք Երևանի կառավարումը, ինչի հետևանքով մեր հասարակության գլխին բերել և բերում եք միայն թանկացումներ և անհարմարություններ, այլ բանի դուք ընդունակ չեք»: