ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է․ պաշտոնյա

Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է․ պաշտոնյա

Հայաստանում չինացի զբոսաշրջիկների հոսքը կտրուկ աճել է։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Նա պարզաբանել է, որ 2024 թվականին Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 33 հազար, իսկ 2025 թվականին՝ արդեն ավելի քան 45 հազար։ Ըստ նրա՝ Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում ոչ միայն օդային, այլև ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով։

Գևորգյանը հավելել է, որ եթե Հայաստանից դեպի Չինաստան լրացուցիչ չվերթներ գործարկվեն, ապա հնարավոր կլինի Վրաստանի հետ համատեղ տուրեր կազմակերպել։

Նա նաև հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 170 հազարը, ինչը 40 հազարով ավելի է 2025 թվականի հունվարի համեմատ: «2025 թվականի տվյալներով՝ զբոսաշրջիկների 41%-ը ժամանել է Ռուսաստանից: Զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել նաև Վրաստանից (շուրջ 300 հազար մարդ): Բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում նաև Իրանից», - նշել է պաշտոնյան:

Նա խոստովանել է, որ 2025 թվականին, 2024-ի համեմատ, Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել, սակայն ընդհանուր առմամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը՝ շուկաների դիվերսիֆիկացման արդյունքում, աճել է 2,7%-ով: Գևորգյանը հավաստիացրել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման որոշումից հետո այդ պետություններից զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Նա նաև հայտնել է Ռումինիայից զբոսաշրջիկների կտրուկ աճի մասին, ինչը տեղի է ունեցել դեպի Հայաստան մատչելի չվերթների գործարկումից հետո:

«Ակտիվություն է նկատվում նաև եվրոպական այլ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից (աճը կազմել է 15%)», - ընդգծել է Գևորգյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարության կողմից վերջերս հաստատված Զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը նախատեսում է պատմամշակութային, գաստրոզբոսաշրջության, արկածային, MICE (գործարար), էկոզբոսաշրջության, կրոնական և բժշկական զբոսաշրջության զարգացում: Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ ջանքերով Հայաստանում կկայանա բժշկական զբոսաշրջության ոլորտի համաժողով՝ այս բնագավառի առաջատար երկրների մասնակցությամբ։ «Բացի այդ, մենք աշխատում ենք բժշկական զբոսաշրջության զարգացման համար նախատեսված թվային գործիքի ստեղծման ուղղությամբ:

Հայ-ամերիկյան ընկերության հետ համատեղ ստեղծվել է «Med.am» հարթակը, որը շուտով կգործարկվի: Այն կօգնի միասնական հարթակում գտնել տարբեր ուղղվածությունների լավագույն բժիշկներին», - նշել է Լուսինե Գևորգյանը:

Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս կսկսվի զբոսաշրջային յոթ առանձնացված կլաստերների զարգացման ծրագրի իրականացումը, որի շրջանակներում կկառուցվեն ճանապարհներ և կլուծվեն ենթակառուցվածքային այլ խնդիրներ։

Ըստ նրա՝ հուլիսի 1-ից Հայաստանում կգործի զբոսաշրջության ոլորտի էլեկտրոնային ռեեստրը, որը կդառնա պետական կառույցների հետ փոխգործակցության հարթակ և հնարավորություն կտա Կոմիտեի կողմից ճանաչվել որպես զբոսաշրջության ոլորտի տնտեսվարող սուբյեկտ և ստանալ սերտիֆիկատներ։ Պաշտոնյան նշել է, որ սերտֆիկացվելու են հյուրանոցները, հյուրատները, տուրօպերատորները, տուրիստական գործակալները, զբոսավարները և ավտոբուսները։ Հավելելով, որ այս հարթակը կդառնա տվյալների բազա, ինչը թույլ կտա կազմել զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների վարկանիշային աղյուսակ և ապահովել բարեխիղճ գործունեություն։

Նա հայտարարել է, որ Հայաստանի մասնակցելու է Ռուսաստանի խոշորագույն «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որտեղ անցյալ տարի երկիրը ներկայացված է եղել համանուն տաղավարով և որի շրջանակներում ակտիվ համագործակցություն է հաստատվել ռուս գործընկերների հետ: Գևորգյանը հայտնել է, որ սեպտեմբերին Մոսկվայում՝ ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում, տեղի է ունեցել երկրի շնորհանդեսը, որին հրավիրված են եղել ռուսական շուկայի 70 խոշորագույն դերակատարները:

Պաշտոնյան ընդգծել է, որ անցյալ տարի կազմակերպվել է 79 միջազգային լրագրողների և բլոգերների այցը Հայաստան, և ակտիվ համագործակցություն է իրականացվում միջազգային մեդիայի հետ:

  • Կիսվել: