Էգեյան ծովում հունական լաստանավի վրա հրդեհ է բռնկվել. անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները բարեհաջող տարհանվել են
Հրդեհ է բռնկվել Էգեյան ծովում՝ Միկոնոս կղզուց հյուսիս գտնվող հունական Blue Carrier-2 լաստանավի բեռնախցիկում։ Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները բարեհաջող տարհանվել են Տինոս կղզի, հայտնել է հունական Skai հեռուստաալիքը:
Լաստանավում ընդհանուր առմամբ գտնվել է անձնակազմի 28 անդամ և 29-ից ավելի ուղևոր։ Տուժածներ չկան։ Լաստանավի խցում մնացել են մարդատար և բեռնատար մեքենաներ։
Լաստանավում հրդեհը մարելու համար Հունաստանի հրշեջ ծառայությունը ներգրավել է չորս նավ։ Հրդեհին հետևելու համար դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության ուղղաթիռ։
Նավի սեփականատեր Attica Group ընկերությունը հայտնել է, որ հանձնարարել է մասնագիտացված ընկերություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես շրջակա միջավայրի պաշտպանության, այնպես էլ հրդեհից հետո նավի կառավարման ուղղությամբ։ Տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին) դեպքի վայր է ժամանելու 70-մետրանոց քարշակ-փրկարարական Aigaion Pelagos նավը, որն օժտված է հրդեհաշիջման մեծ հնարավորություններով, նշում է հեռուստաալիքը։



