երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չգրանցված դեղերի ներմուծումն արգելելուց հետո գնաճ կլինի՞, և կներմուծե՞նք արդյոք դեղեր Թուրքիայից. Ավանեսյանի պատասխանը

Չգրանցված դեղերի ներմուծումն արգելելուց հետո գնաճ կլինի՞, և կներմուծե՞նք արդյոք դեղեր Թուրքիայից. Ավանեսյանի պատասխանը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ չգրանցված դեղերի ներմուծման արգելքի հետևանքով գնաճ չի լինի։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի` հունվարի 1-ից այլևս չի թույլատրվում չգրանցված դեղեր ներմուծել Հայաստան։

Ավանեսյանը հիշեցրեց, որ չգրանցված դեղեր ներմուծելու թույլտվություն էին տվել 2020-ի հոկտեմբերին` կորոնավիրուսային իրավիճակից ելնելով։

«Քանի որ այդ շրջանում երկրներն արագությամբ փակվեցին, և մեր լոգիստիկ շղթաները խաթարվեցին, արագ որոշեցինք այլ շուկաներում դեղորայք գտնելու ու ՀՀ ներմուծելու հնարավորություն տալ մեր ներմուծողներին։ Այս պահին, մեր գնահատմամբ, այդ գործիքը կիրառելը նպատակահարմար չէ, և հունվարի 1-ից որոշումն այլևս չի գործում,–ասաց Ավանեսյանը և ավելացրեց,– չեմ կարծում, թե դեղերի գնաճն ու չգրանցված դեղերի ներմուծման արգելքը պատճառահետևանքային կապ կունենան»։

Նրա խոսքով` պետք է շատ հավասարակշռված մոտեցում ցուցաբերվի նաև ՀՀ–ում ներկայացուցչություններ ունեցող ընկերություններին նրանց դերը չնվազեցնելու համար։

Նախարարը նշեց` չգրանցված դեղերի ներմուծման թույլտվությունը ժամանակավոր գործիք է, և, ըստ իրավիճակի, կարող են նորից կիրառել այն։ Ավանեսյանը վստահեցրեց, որ այս գործիքի կիրառումը ծառայեց իր նպատակին` պատերազմի և կորոնավիրուսի պիկի ժամանակ դեղի դեֆիցիտ կամ գնաճ չունեցանք։ Սակայն, ըստ նրա, հիմա ամբողջ աշխարհում է գնաճ նկատվում, այդ թվում` դեղերի շուկայում։

Հաշվի առնելով հայ–թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները` նախարարից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Թուրքիայից կամ այլ երկրներից էլ սկսենք դեղ ներմուծել։
«Հեռու գնացող ծրագրերի մասին չեմ կարող խոսել։ Սակայն դեղերի ներմուծման 3 կարևորագույն պայման կա` որակ, արդյունավետություն և անվտանգություն։ Խստորեն պետք է հետևենք, որ շուկան պահպանի այս երեք բաղադրիչները»,-ի պատասխան նշեց նախարարը։
Նրա խոսքով` նախարարությունն ազատ շուկայական հարաբերությունների կողմնակից է, բայց դեղերը սպեցիֆիկ հատկություններ ունեն, որոնց հետ կապված պետք է խստորեն մոտենան ներմուծումներին։

Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային` զրուցելով «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանի հետ։ Վերջինս նշել էր, որ չգրանցված դեղերի արգելքի հետևանքով կոլապսի առջև կկանգնենք, իսկ դեղերի շուկայում գնաճ կլինի։

  • Կիսվել: