կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Չգիտեմ՝ ո՞ւր գնալ, ո՞ւմ խնդրել, ո՞վ կարող է մեզ օգնել»․ Բաքվում մնացած Էուլջեքջյանի հարազատները ստորագրահավաք են սկսել

«Չգիտեմ՝ ո՞ւր գնալ, ո՞ւմ խնդրել, ո՞վ կարող է մեզ օգնել»․ Բաքվում մնացած Էուլջեքջյանի հարազատները ստորագրահավաք են սկսել

«Ամուսինս գիտեր, որ Հայաստան վերադարձողների թվում է, սակայն նրան փոխանակումից ընդամենը երեք ժամ առաջ են տեղեկացրել, որ  մնում է Ադրբեջանում»,- «Հրապարակ»-ին տեղեկացրել է  Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան։

Նա, երբ տեղեկացել էր, որ վերջին պահին փոփոխություն է լինելու, առողջական վիճակի կտրուկ վատթարացում էր ունեցել։

«Ես շատ եմ վախենում ու մտահոգվում նրա համար, ուզում եմ նրա մասին տեղեկություն ստանալ, ձայնը լսել։ Մենք ստորագրահավաք ենք սկսել ինտերնետում, հույս ունենք, որ հնարավորինս շատ մարդիկ կմիանան, չգիտեմ, թե դա որքանով կօգնի, չգիտեմ՝ ուր գնալ, ում խնդրել, ո՞վ կարող է մեզ օգնել, այլևս ոչինչ չգիտեմ»,-ասել է Լինդա Էուլջեքջյանը։

Լինդան նշել է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Վիգենին տեսակցել միայն մյուս շաբաթ, իսկ վերջին անգամ տեսել են գերիների փոխանակումից երկու օր առաջ։

«Կարմիր խաչի» աշխատակիցները փորձել էին պարզել, թե ինչու է վերջին պահին՝ փոխանակումից երեք ժամ առաջ փոփոխություն կատարվել, սակայն այդպես էլ ադրբեջանական կողմը ոչ մի պարզաբանում հարկ չէր համարել տալ։

«Ուզում եմ հասկանալ, թե ով է նման փոփոխության հրահանգ տվել, իմ ամուսինն անմեղ է, նա քաղաքացիական անձ է։ Նա վճարում է իր կյանքի գնով մի բանի համար, որը չի արել, ինչո՞ւ հենց իմ ամուսնուն որոշեցին փոխարինել, ինչո՞ւ։ Ո՞վ է Ադրբեջանում այդ հրահանգը տվել կամ միայն Ադրբեջանի՞ց է եղել այդ հրահանգը, ո՞ւմ է դա ձեռնտու»,-ասել է Լինդան։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ Շուշիում, երբ գնացել էր իր անձնական իրերը վերցնելու։

Վիգեն Էուլջեքջյանին ազատելու համար սկսված ստորագրահավաքին հնարավոր է միանալ այս հղումով

  • Կիսվել: