Բյուրեղավանի պոլիկլինիկայի պացիենտները մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմում միայն հիվանդանոցային բուժում ստանալու դեպքում՝ մնացած ծառայությունները մատուցվում են տեղում․ տնօրեն
Կոտայքի մարզի Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա ՓԲԸ-ում ներդրված է բժշկական առաջնային ծառայությունների որակի և անվտանգության ապահովման ամբողջական կառավարման համակարգ: Այստեղ կարևորում են և՛ որակը, և՛ մատչելիությունը ու հասանելիությունը, և՛ պացիենտներին հասցեական վերաբերմունքը: Պոլիկլինիկան գործում է հիմնանորոգված, ժամանակակից պահանջներին համապատասխանով շենքում։ Ի դեպ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստերից մեկի ընթացքում, որպես համայնքային ենթակայության օրինակելի, հաջողված օրինակ մատնանշել է հենց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան։
ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանը InfoPort.am-ի հետ զրույցում անդրադառնալով պոլիկլինիկայի գործունեությանը նկատեց․
-Սուբվենցիոն ծրագրով 2020-2021 թթ․ ամբողջությամբ կատարվել է պոլիկլինիկայի շենքի վերանորոգում՝ հիմնորոգվել է տանիքը, սանհանգույցները, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը, շենքը ապահովվել է մշտական տաք ջրով, ամբողջությամբ թարմացվել է գույքը։ Ծրագիրը իրականացվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ 70-30 տոկոս հարաբերակցությամբ։
-Պարոն Միքաելյան, առհասարակ հասարակության շրջանում առաջնային օղակի բուժհաստատությունները, որպես կանոն, մեծ վստահություն չեն վայելում, ինչո՞վ եք դա պայմանավորում, և Դուք, որպես պոլիկլինիկայի տնօրեն, ի՞նչ եք անում, որպեսզի կոտրեք այդ կարծրատիպը:
-Չեմ կարող համաձայնվել այն մտքի հետ, որ պոլիկլինիկայի բժիշկները մասնագիտական առումով թույլ են, որովհետև առողջության առաջնային պահպանումը, որն իր մեջ ներառում է խորհրդատվություն, սկրինինգային հետազոտությունները, առաջին բուժօգնոփթյան եւ բոժման կազմակերպումը, հիվանդության ախտորոշումը ամբողջությամբ պոլիկլինիկայի բժիշկների վրա է: Կոնկրետ մեր պոլիկլինիկյում մասնագիտական որակավորումը լավ հիմքերի վրա է դրված։ Մեր նեղ մասնագետները համատեղում են աշխատանքը Երևանի խոշոր բուժհաստատությունների եւ մարզային բկ-ների հետ։ Բոլոր խորհրդատվություններն ու առաջնային բուժումները կատարվում են տեղում: Այսինքն բնակչությունը Երևան եւ մարզային բկ-ներ դիմում է հիվանդանոցային բուժման նպատակով միայն:
-Խոսենք մատուցվող ծառայությունների մասին...
-Մեզ մոտ իրականացվում են բոլոր այն հետազոտությունները, որոնք նախատեսված են առաջնային բուժսպասարկում ապահովող օղակների համար: Ունենք լաբարատոր գործիքային ախտորոշիչ հնարավորություններ՝ լաբարատորիա-էլեկտրոսրտագրության կաբինետներ, ճառագայթային ախտորոշման ծառայությունների ներդրումը առաջիկա մեկ տարվա ծրագրերի մեջ է ներառված՝ կիրականացվեն ռենտգեն ֆլյուրգրաֆիկ, սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Բնակչությանը մատուցվում են նաեւ ատամնաբուժական ծառայություններ։
Գործում են չորս ընտանեկան բժշկության կաբինետներ, գինեկոլոգիա եւ կանանց կոնսուլտացիա, իմունոկանխարգելման կաբինետ, նեղ մասնագիտական՝ վիրաբույժ, ակնաբույժ, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, և դիսպանսերային կաբինետներ՝ մաշկավեներաբան, ներզատաբան, ինֆեկցիոն, ինչպես նաև շտապ օգնության շուրջօրյա ծառայություն: Պոլիկլինիկան իրականացնում է Բյուրեղավան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների բուժապահովումը: Իր կազմում ունի մեկ բուժակ մանկարաբարձական կետ: Սպասարկում է համայնքի շուրջ 13.000 բնակչի: Բնակչությանը մատուցվում են նաև վճարովի ծառայություններ ըստ սահմանված իրավական նորմերի: Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին ընտրած բնակչությանը տրամադրվող բժշկակական օգնությունը ամբողջ ծավալով անվճար է։
-Պարոն Միքաելյան, բուժհաստատությունում ծագած խնդիրների լուծման հարցում զգու՞մ եք պետական/մարզայինն իշխանությունների աջակցությունը:
-Վստահ կարող եմ ասել, որ ամուր թիկունք ունենք ի դեմս պետական կառավարման մարմինների, Բյուրեղավան համայնքի: Եվ մարզպետարանում, եւ համայնքապետարանում պարբերաբար անց են կացվում խորհրդակցություններ և բարձրացվող հարցերը արագ լուծում են ստանում: Պետք է խոստովանեմ, որ մեր իրագործած ծրագրերը և ապագայի հետ կապված պլանները առանց մեր սրտացավ համայնքապետի, ով 24- ժամյա ռեժիմով կապի մեջ է մեզ հետ եւ մարզային իշխանությունների՝ գործուն աջակցության իրականանալի չէին լինի: Նշեմ նաեւ, որ Առողջապահության նախարարության ջանքերով պոլիկլիկնան ապահովվել լրացուցիչ Շտապ օգնության մեքենայով։ Մենք էլ մեր հերթին ամեն բան անում ենք շահելու մեր բնակչության վստահությունը, ապահովելու բուժօգնության մատչելիությունն ու արդյունավետությունը։