երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բյուրականի և Իսպանիայի աստղադիտարանների միջև համագործակցությունը շարունակվում է

Բյուրականի և Իսպանիայի աստղադիտարանների միջև համագործակցությունը շարունակվում է

Օրերս ավարտվեցին Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի Ռամոն Մարիա Ալերի աստղադիտարանի միջև հայ-իսպանական համագործակցության ծրագրով դիտումները, հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Համագործակցությունը սկսվել է 2016թ-ին կրկնակի աստղերի սպեկտրային և բևեռաչափական դիտումներից՝ նախկին հին մեթոդները փոխարինելով նոր՝ սպեկլ ինտերֆերաչափությամբ: Մեթոդը սկսել է կիրառվել ընդամենը մի քանի տարի առաջ eMCCD սարքը ձեռք բերելու շնորհիվ: Սարքը հնարավորություն է տալիս դիտել այն աստղերը, որոնց մոտ կասկածվում է կրկնակիություն: Այսպիսով, սպեկլ ինտերֆերաչափություն մեթոդի միջոցով ստացվում են շատ պատկերներ, որոնք այնուհետև համադրվում և հատուկ մաթեմատիկական հաշվարկների միջոցով գումարվում են իրար: Այս եղանակով հնարավոր է լինում նվազեցնել մթնոլորտային տուրբուլենցիան և հանել երկնքի ֆոնը: Յուրաքանչյուր դիտման ընթացքում հավաքագրվում են աստղերի որքան հնարավոր է շատ չափումներ, և ապա այդ տվյալներն օգտագործում կրկնակի աստղերի ուղեծրերը չափելու համար:

Դիտումները կատարվում էին 2,6 մետր հայելու տրամագծով աստղադիտակի միջոցով, որն ամենամեծն է ԲԱ-ում: Համագործակցության շրջանակներում ամեն տարի ԲԱ էին այցելում իսպանացի գիտնականներ՝ զբաղվելու համատեղ հետազոտական աշխատանքով։

Ծրագրին մասնակցում էին ԲԱ գիտաշխատող Գուրգեն Պարոնյանը, իսկ Իսպանիայից Խորխե Գոմեսը և Խավիեր Կոուտոն։ Ծրագիրը նախաձեռնել էր «Անկայուն երևույթներ» գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող երջանկահիշատակ Նորայր Մելիքյանը:

  • Կիսվել: