կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի

Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի

ՀՀ բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը նշեց, որ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը: 

Իսկ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց: Նա պարզաբանեց՝ այս պահին չհայտարարելու պատճառը մի շարք համակարգերի մշակման և, հետևաբար, ժամկետների հետ է կապված:

Նախարարը, մասնավորապես, ասաց. «Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները,ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»:

  • Կիսվել: