Բլեյանին կարող է աշխատանքի ընդունել և ազատել միայն կրթական համայնքը. Աշոտ Բլեյանը՝ նախարարի պահանջով տնօրենի պաշտոնից հեռանալու մասին
Դիմել ենք Կառավարություն, որպեսզի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը պետական հիմնադրամ դառնա, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել: Կառավարությունը պետք է գրավոր որոշում կայացնի, պետք է ցույց տա, մեր դիմումի, առաջարկի և մեր որոշման մեջ ի՞նչն է ոչ իրավական. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը լրանալուն պես հեռանա տնօրենի պաշտոնից, ինչպես պահանջում է ՊՈԱԿ-ի մասին օրենքը, ըստ որի՝ գործադրի մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
«Մշակել ենք նախագիծ, մեկ տարի է՝ աշխատում ենք և երբ նախագիծը պատրաստ է եղել ներկայացրել ենք, այն է՝ ՊՈԱԿ-ը վերակազմավորել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր պետական հիմնադրամի: Այն սոսկ խնդրանք չէ, մենք ընտրել ենք իրավակազմակերպական նոր ձև, որը կոչվում է հիմնադրամ, եթե դա իրենք չանեն, մենք դա կանենք և կպարտադրենք դատական կարգով, որովհետև մեր պահանջը իրավական է»,- ասաց կրթահամալիրի տնօրենը:


