ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲԴԽ-ում Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հարցով ձևավորվել է հանձնախումբ. ԲԴԽ անդամ

ԲԴԽ-ում Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հարցով ձևավորվել է հանձնախումբ. ԲԴԽ անդամ

Ձայնագրության բովանդակությանը հիմա չեմ կարող գնահատական տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը՝ ասաց ԲԴԽ անդամ Դավիթ  Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ.

«Մեր հանձնախմբի քննության առարկան հետևյալն է՝ արդյոք տեղի է ունեցել բարեվարքության վարքագծի կանոնների խախտում, թե՝ ոչ: Մենք կարող ենք գնահատել միայն և միայն ԲԴԽ անդամի կամ դատավորի արարքում վարքագծի կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը: Մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանից, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը և որպեսզի մենք կարողանանք դրա հիման վրա համապատասխան եզրակացության գալ»:

Խաչատուրյանի  խոսքով՝ Վարդազարյանն ասում է, որ դեռ  հանձնախմբի պաշտոնական նամակը չի ստացել. «Երբ ստանա և պատասխանի, մենք էլ պաշտոնական կխոսենք այդ մասին»:

ԲԴԽ անդամի կարծիքով, այժմ կան մի շարք վարկածներ, որոնք ունեն կյանքի իրավունք. «Միևնույն ենթադրյալ իրադարձությունների, գործողությունների մասին շրջանառվում են  վարկածներ իրավապաշտպանների և պարոն Ջհանգիրյանի կողմից, որոնք պետք է բազմակողմանիորեն քննվեն համապատասխան քննչական մարմնի կողմից: Հիմա նախապատրաստվում են նյութեր, սպասենք համապատասխան դատավարական ընթացակարգերով որոշումների կայացմանը»:

Անդրադառնալով այսօր Ջհանգիրյանի ԱԺ չգալու հարցին՝ Խաչատուրյանն ասում է, որ նա արդեն վիրահատության է ենթարկվել և դա է պատճառը, որ ԱԺ չի եկել:

  • Կիսվել: