Արդյո՞ք պարապուրդի մատնված մարդկանց երկրորդ անգամ աջակցություն կտրամադրվի
Զբաղվածության միջոցով աղքատությունը հաղթահարելու մեր ծրագրերը շատ կարևոր են։ Այսoր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը նշեց, որ 2019 թվականին մի քանի որոշում են ընդունել։ Մասնավորապես, սեզոնային զբաղվածության նպատակով մշակված ծրագրերով՝ 20 տեսակի աշխատանքով կարող են զբաղվել այն քաղաքացիները, որոնք ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում և այդ պատճառով չեն զրկվի նպաստից։ Ըստ նրա, ներկայումս 100-ից ավելի նպաստառուներ այժմ սեզոնային զբաղվածության ծրարերում են ընդգրկվել։
Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց նաև, որ 2020-ի ապրիլի 1-ից մեկնարկել է «Պայմանով նպաստի» ծրագիրը, ինչը նշանակում է, որ քաղաքացին ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու համար դիմելիս համակարգում ընդգրկվելու համար պետք է նաև աշխատանք փնտրելով զբաղվի՝ զբաղվածության գրասենյակների աջակցությամբ: Եթե երկու հարմար աշխատանք առաջարկելու դեպքում քաղաքացին հրաժարվում է աշխատանքից, ապա ընտանեկան նպաստում ընդգրկվելու հնարավորությունը նվազում է։
Ինչ վերաբերում է մեկուսացվածներին սոցիալական աջակցություն տրամադրելուն, նախարարն ասաց, որ խոսքը անաշխատունակության նպաստի մասին է. «Մենք քաղաքականության հետ կապված, բնականաբար, որևէ խնդիր չունենք, քննարկել ենք, համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին խնդրել ենք, որ քննարկենք նորից, որպեսզի ֆինանսական գնահատականը հասկանանք»։
Հարցին, թե տնտեսական սահմանափակումների վերացումից հետո ևս կան տնտեսվարողներ, որոնք երկրորդ անգամ հարկադրված պարապուրդի են մատնվել, մասնավորապես, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, որի 2000-ից ավելի աշխատակիցներն անաշխատավարձ են մնացել, հնարավո՞ր է պետությունը նրանց երկրորդ անգամ աջակցություն տրամադրի, ինչին ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանը նշեց.
«Ելնելով իրավիճակից՝ այդ հնարավորությունները կքննարկվեն։ Ինչ վերաբերում է այս ոլորտին, ապա իրենք կարող էին օգտվել տնտեսական աջակցության ծրագրերից և վարկավորման հնարավորությունից, այսինքն՝ գործատուն կարող էր վարկավորման ծրագրից օգտվել՝ տրամադրելու համար քաղաքացիների աշխատավարձը։ Հիմա որևէ նոր բան չեմ կարող ասել։ Չեմ բացառում, որ պարապուրդի մատնված մարդիկ կկարողանան երկրորդ անգամ օգտվել աջակցության ծրագրից»։