երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բալային համակարգից դժգոհ են նրանք, ովքեր իսկապես շատ են խախտումներ անում․ Սերգեյ Ղահրամանյան

Բալային համակարգից դժգոհ են նրանք, ովքեր իսկապես շատ են խախտումներ անում․ Սերգեյ Ղահրամանյան

Նոր ներդրված բալային համակարգից հիմնականում դժգոհ են նրանք, ովքեր իսկապես շատ են խախտումներ անում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

«Հայաստանում տեղի ունեցող մահվան ելքով վթարների 30-40 տոկոսի դեպքում զոհերը գտնվում են վթարի վայրում մեքենայից դուրս շպրտված. դա ամրագոտու չկիրառման տարրական կանոնների խախտման հետեւանք է: Դա հնարավոր է շատ հեշտ լուծել: Մեկ օրինակ բերեմ, 2008 թվականին կար 407 զոհ, եթե չեմ սխալվում, եւ 2009 թվականին անվտանգության խորհուրդ ստեղծվեց, որի ժամանակ շատ խիստ դրվեց ամրագոտու հարցը: Այդ տարի շատ խիստ էր կիրառվում այդ պահանջը եւ հաջորդ տարի մինուս 82 զոհ եղավ: Այսինքն՝ իր ազդեցությունը գործել է ամրագոտու կիրառումը»,-ասաց նա:

Անդրադառնալով բալային համակարգին` Ղահրամանյանը նշեց․

«Որ իրենց հարցնում ես` ինչու ես խախտում անում, ասում են` լավ եմ անում, կամ ինչ կուզեմ, կանեմ: Մի մասն էլ դժգոհողների, որը իմ համար անհասկանալի է, որ շատ քիչ են վարում եւ ասում են` հենց քշեմ, կզրկվեմ: Տուգանային միավորները երբ որ սպառվում են, վարորդական իրավքունքը կասեցվում է 6 ամսով եւ 6 ամսից որեւէ գործողություն չանելով նորից վերականգնվում է: Սակայն կա նաեւ հնարավորություն, որ 3 ամսից կարող է վարորդը թեստայի քննություն հանձնի եւ վերականգնի վարորդական իրավունքը»։

Նախնական գնահատումներով այս տարի քաղաքացիները 7-8 միլիարդ ավելի քիչ են տուգանք վճարելու բալային համակարգով, քան նախկինում էր:

  • Կիսվել: