կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բացվեց Արմենակ Ուրֆանյանի անունը կրող լսարան

Բացվեց Արմենակ Ուրֆանյանի անունը կրող լսարան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր՝ հունվարի 28-ին, բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմեն Ուրֆանյանի անունը կրող լսարան։ Նշենք, որ այսօր նաև Ուրֆանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 30 տարեկան։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ասաց, որ Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին, վերականգնողական կենտրոնում բացվել է հերոսի անվան սրահ, նույն օրը ստանալով Արմեն Ուրֆանյանի մայրիկի՝ Համեստ Ուրֆանյանի համաձայնությունը, որոշում են կայացրել կենտրոնում բացել նաև կապիտանի անունը կրող լսարան։

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ հաջորդ սրահը կանվանակոչեն ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի անունով։

«Տա Աստված, որ սրահներ բացելու անհրաժեշտությունը չլինի, բայց տղաների անունները պետք է հավերժ կապված լինեն այս բժշկական տաճարի հետ, այն վայրի հետ, որտեղ իրենց զինակիցները հաղթահարում են իրենց բաժին ընկած փորձությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Արմեն Ուրֆանյանի մայրը շնորհակալություն հայտնեց ռեկտորին որդուն գնահատելու համար։ «Իմ տղան ու նրա ընկերներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, և այսօր մեր տղաներին արժևորում են»,- ասաց նա։

Նշենք, որ սրահը կառուցվել է «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: