Բաբաջանյանը պատմել է իր՝ անազատության մեջ եղած ժամանակ օրենքով գողի հետ նույն խցում գտնվելու մասին
Այսօր ԱԺ-ում օրենքով գողերի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ դա այն օրնքն է, որը պետք է անվերապահ աջակցության արժանա, այն պետք է մեկ քայլ առաջ տանի հեղափոխության տրամաբանությունը և հեղափոխության առաջնորդի խոստումը:
Ըստ նրա՝ անկախության առաջին տարիներին փորձ արվեց արմատախիլ անել քրեական շրջանակները, ինչը մասամբ հաջողվեց, սակայն 97-98 թվականներին Քոչարյանն իշխանության եկավ՝ իր համար որպես քաղաքական հենարան դարձնելով ազգայնական կուսակցություններից մեկին: «Քրեական աշխարհը ռուսաստաններից բերեց ու դարձրեց իր համար սոցիալական բազա, նրանց ընդգրկեց ընտրական գործընթացների մեջ: Այդ տարիներից ազգայինն ու կրիմինալը միախառնվեցին՝ դառնալով քոչարյանական ու սերժսարգսյանական վարչակարգերի հիմնական հենարանը»,-նշեց Բաբաջանյանը
Նա ասաց նաև, որ քրեական աշխարհը սերտաճած է եղել ու շարունակում է սերտաճած մնալ տնտեսական կյանքին, առաջին հերթին՝ խոշոր կապիտալին:
Արման Բաբաջանյանը հիշեց նաև անազատության մեջ եղած իր տարիները, նա ասաց, որ պատվով կրել է 3,5 տարվա անազատությունը, մի քանի ամիս նույն խցում է եղել օրենքով գողի հետ, շատ մտերիմ քրեական հեղինակություններ ունի, որոնք իր հետ մտերմացել են անազատությունից հետո:
«Չեմ հանդիպել գեթ մեկ օրենքով գող, հեղինակություն, ով ցանկացել է, որ իր երեխան այդ կյանքով ապրի ու այդ նույն հետագիծն ունենա: Սա ամենախոսուն պատգամն է՝ արմատախիլ անելու այդ շրջանակներն ու տրամադրությունները»,-եզրափակեց պատգամավորը: