ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լինելու են մարդիկ, որոնք դժվարություններ ստեղծելու են պրոցեսում․ Ավինյանը՝ Արզումանյան փողոցի վթարային շենքերի մասին

Լինելու են մարդիկ, որոնք դժվարություններ ստեղծելու են պրոցեսում․ Ավինյանը՝ Արզումանյան փողոցի վթարային շենքերի մասին

Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները՝ սեփականատերերը, ծանուցվել են խնդրի լուծման մասով Երևանի քաղաքապետարանի առաջարկի մասին, պայմանագրերը փոխանցվել են: Կան մարդիկ, որոնք արդեն իսկ տրամադրում են իրենց տվյալները պայմանագիր կնքելու և օտարման պրոցես սկսելու համար: Այդ մասին քաղաքապետին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց, որ այս հարցում հապաղումներ չլինեն:

«Մենք գիտենք, որ լինելու են մարդիկ, որոնք դժվարություններ ստեղծելու են պրոցեսում, ասելու են, որ իրենց 4-րդ կարգի շենքում գտնվող բնակարանն արժի միլիոններ: Պարզ հոգեբանություն է, միշտ կան այդպիսի մարդիկ: Հետևապես պետք է խնդրեմ, որ այն ժամկետները, որոնք օրենքով են նախատեսված, 1 օր դրանից ուշացում չունենանք:

Այս փուլում, վստահ եմ, ավելի լավ պայմաններ կառաջարկվեն, քան դատական ընթացակարգով: Վստահ եմ, որ երբ դատարանը գնահատել տա, փորձաքննություն իրականացվի, և 4-րդ կարգի վթարային շենքում գնահատվի բնակարանի արժեքը, պարզ է, որ դա չի լինելու այն նույն պայմանը, որն այսօր ենք առաջարկում»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանը նաև նշեց, որ մարդիկ, որոնք այսօր «խնդիր են ստեղծում», հետո նրանց հանդեպ «ինդուլգենցիա» չի լինելու. «Այն մարդիկ, որոնք չեն հասկանում՝ ինչի մասին է, որ իրենք շահում են՝ բացի նրանից, որ ֆինանսապես են շահում, նաև փաստացի նորակառույցում բնակարան են ունենում, իրենց նկատմամբ մեղմ վերաբերմունք չլինի»:

Ավինյանին նաև զեկուցվեց, որ բնակիչների հետ օրերս հանդիպում է եղել, ասվել է, որ «վերջին շանս է» վթարային շենքը վերաբնակեցնելու, խնդրել են նաև, որոնք ազդեցություն ունեն «չհամոզվող բնակիչներին» բացատրելու հարցում, և ասվել է, որ Երևանի քաղաքապետարանի քայլերը վճռորոշ են:

Ավինյանը նշեց, որ գիտի՝ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է ծրագրի իրականացմանը, և որ պետք է հենվել հենց նրանց վրա:

  • Կիսվել: