Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օր:
Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները:
Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Organization, WSO) կողմից:
2021թ. 9 ամսվա կտրվածքով Արցախի Հանրապետությունում արձանագրվել է ինսուլտի 151 նոր դեպք:
Ինսուլտը (գլխուղեղի կաթված) գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:
Հայտնի է 20-ից ավելի գործոններ, որոնք նպաստում են ինսուլտի առաջացմանն ու զարգացմանը: Դրանք լինում են փոփոխական և անփոփոխ: Անփոփոխ գործոնները 4 են՝ տարիքը, սեռը, ռասայական պատկանելիությունը և ժառանգականությունը: Փոփոխական գործոններից են` զարկերակային գերճնշումը (հիմնական գործոնն է), աթերոսկլերոզը, սրտամկանի ինֆարկտը, շողացող առիթմիան, շաքարային դիաբետը, ճարպակալումը, հիպերլիպիդեմիան (արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացում), ծխելը, քրոնիկ բորբոքային հիվանդությունները, թմրամոլությունը և այլն:
Տարբերում են արյունազեղումային կաթված`արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):
Գլխուղեղի կաթվածների բուժման հարցում մեծ կարևորություն ունեն նաև վերականգնողական և կաթվածների կանխարգելմանն ուղղված բուժումը:
Ինսուլտի դեպքում օգնությունը պետք է լինի անհապաղ, հիվանդի ապաքինման հնարավորությունները կտրուկ աճում են, եթե նրան հիվանդանոց են հասցնում առաջին երեք ժամվա ընթացքում: Ճիշտ կազմակերպված բուժման դեպքում ինսուլտի բոլոր ձևերն էլ բուժվող են: Կարևոր են բուժման բոլոր փուլերը՝ սկսած հիվանդի կլինիկայում գտնվելու առաջին րոպեներից:
Ինսուլտի գլխավոր կանխարգելումը` առողջ ապրելակերպն է: Պետք է հետևել մարմնի զանգվածին, հրաժարվել ծխելուց, սահմանափակել ոգելից խմիչքի կիրառումը, չուտել ճարպոտ և աղի սնունդ: