Այս պրոցեսն ինձ համար ջարդող-փշրող չէ, բուժող է. Լիլիթ Բլեյանը` Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Այս պրոցեսն ինձ համար այն ջարդող-փշրող պրոցեսը չէ, այլ բուժող է: Այս մասին այսօր Բագրատ Սրբազանի և մշակույթի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասաց երգերի հեղինակ Լիլիթ Բլեյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես կարծում եմ, որ մոտեցումը պետք է ցանցային լինի: Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ զգում է` ինչ է կատարվել, ինչ է կատարվում, և ինչ է սպասվում: Գործողությունները փոխանցելու և տեղերում այդ փոքրիկ պղպջակները ստեղծելու հարցը պիտի լուծվի: Ես չեմ պատկերացնում, որ սա մի փողոց է, որտեղով երթը գնում և հասնում է մի տեղ, որտեղ անում է ինչ-որ գործողություն: Ես առողջացնող այս շարժումը տեսնում եմ տեղերում առողջացման պրոցեսի պես: Ամեն մեկը իր շուրջ ստեղծում է այն առողջ միջավայրը, այն մաքրման պրոցեսը, որի համար ի վերջո այս ամենը սկսվել է»,- ասաց Լիլիթ Բլեյանը:
Բլեյանը վստահություն հայտնեց, որ արդյունքն անպայման տեսանելի կլինի: «Ցանկացած մարդ, ես իմ փոքրիկ համերգի ժամանակ խոսելով` չվախենալով քաղաքականացվելուց, կարող ենք շատ ավելի հեռուն հասնել, նույնիսկ այս կարճ ժամանակում: Միգուցե, օգուտը ոչ թե մեկ ամսից, այլ մեկ տարուց երևա, բայց արդյունք անպայման լինելու է»,-նշեց նա: