Այս գիշեր բավական լարված էինք, քանի որ ցրտահարության վտանգ կար. վարչապետ
Անցած գիշեր, չնայած ցրտահարության վտանգին, էական վնասների մասին տեղեկություններ այս պահին չկան: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս գիշեր բավական լարված էինք, քանի որ ցրտահարության վտանգ կար: Կարող ենք արձանագրել, որ շատ թե քիչ նորմալ է անցել: Համենայնդեպս, այս պահին էական վնասների մասին տեղեկատվություն չունենք հանրապետության մասշտաբով: Արցախում նույնպես որևէ խնդիր չկա»,- ընդգծեց վարչապետը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ նախորդ գիշեր ցրտահարության վտանգն առկա էր Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում, այս գիշեր՝ Արարատի և Արմավիրի մարզերում։
«Արարատում զրոյից բարձր է եղել ջերմաստիճանը: Արմավիրի մարզում առանձին հատվածներում եղել է զրոյից ցածր ջերմաստիճան: Այնտեղ հիմա մեր մասնագետները փորձում են պարզել, թե որտեղ են ցրտահարություններ արձանագրվել: Դրանք Բաղրամյանի շրջանի և Արագածոտնի մարզի մի քանի համայնքներ են, որոնք սահմանակից են Արմավիրի մարզին»,- նշեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն, հիմնականում վնասված կլինեն որոշ ծիրանի այգիներ։
Նախարարը նաև նշեց, որ այս գիշեր նույնպես ֆերմերները պետք է զգույշ լինեն: «Հույս ունենք, որ առանց էական վնասների դուրս կգանք»,- ընդգծեց նա։


