Այլ երկրների հետ համեմատած բավական լավ դիրքերում ենք աշխարհում. Արսեն Թորոսյան
Այսօրվա դրութամբ մոտ 1500 քաղաքացի դուրս է եկել կարանտինից։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Տեղեկացնեմ նաև, որ կարանտինում գտնվող մոտավորապես 300 քաղաքացու մոտ դրական արդյունք է հաստատվել: Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ կարանտինային միջոցառումներն արդյունավետ են, եթե դրանք չլինեին, այդ 300 պացիենտին հնարավոր է հետազոտած չլինեինք»,- ասաց նախարարը։
Մահճակալային ֆոնդն, ըստ նախարարի, այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: «Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող են՝ հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-հայտարարեց նախարարը:
Ըստ նրա՝ 24-ժամյա ռեժիմով իրականացվել է 537 թեստ. «Քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն են մուտքագրվել համակարգ, ընդհանուր թիվը հասնում է 810-ի»,- պարզաբանեց նա և շեշտեց, որ այլ երկրների հետ համեմատած՝ մենք, այս առոմով, բավական լավ դիրքերում ենք աշխարհում:
Նախարարը նաև հայտնեց, որ թեստերն արվում են ցուցումով՝ աստիճանաբար լայնացնելով դրանց շրջանակները: Անհրաժեշտության դեպքում կարող են ծավալներն ավելացնել․ «Սակայն այս պահին այսքանն էլ բավարար է»։
Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել մի խոշոր գործատուի մոտ: Նախարարը նշեց, որ գործատուն պահպանել է կանխարգելիչ բոլոր պայմանները և մինչ վարակված մարդը մուտք կգործեր արտադրության տարածք՝ նրան ջերմաչափում է կատարվել, որից հետո թեստը դրական պատասխան է ցույց տվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բոլոր ձեռնարկություններում կաննոների պահպանումն ու այդ ուղղությամբ նաև պետության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, որպեսզի հնարավոր բոլոր դեպքերը կանխարգելվեն:


