Այդ շենքերից շատերում պատերին գրում են. «Այսօր մի քիչ չափավոր օգտվեք սանհանգույցներից», հասկանո՞ւմ եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանի
«Կարող եմ ցուցակ ներկայացնել, թե ինչքան շենք չեն արել ու ինչքան կա, որ դիմել են համատիրություններին ու թաղապետարաններին ու չեն արել»,-ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում վթարված կոյուղագծերի հիմնահարցին։
Նա նշեց, որ այսօր առկա է կառավարություն-«Վեոլիա Ջուր» ընկերության ոչ հարթ հարաբերություններ և դրա արդյունքում տուժում են քաղաքացիները։
«Կա շենքերի տակի կոյուղատար համակարգի լուրջ պրոբլեմ, որը մասսայական է և վաղը շենքը վթարային կդառնա։ Այսինքն այդ իրավական դաշտը շատ վատ վիճակում է և տուժվում է մեր քաղաքացին»,-ասաց Մանուկյանը։
Նա կրկնեց իր հարցը, թե քաղաքապետարանն ինչ համակարգային լուծում է առաջարկում խնդրի լուծման համար, ինչին ի պատասխան Ավինյանը մինչ այդ հայտնեց, թե խնդիրը գույքագրում են։
«Լույեսր Թաղամասում կոյուղատար համակարգը չկա, բայց շինթույլտվություն եք տվել, այսինքն այդ շենքերի մի զգալի մասի կոյուղատար համակարգը պետք է գնա կպնի Մոնթե Մելքոնյան փողոցի համակարգին։ Այդ շենքերից շատերում գրում են, այսօր մի քիչ չափավոր օգտվեք սանհանգույցներից, հասկանո՞ւմ եք։ Սա 21-րդ դարում անընդունելի է».- ասաց ավագանու անդամը և նկատեց. որ խնդիրները պետք է ունենան մեկ պատասխանատու, երկու պատասխանատուի դեպքում այն անտեր է մնում։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ երբ փոխում են արտաքին կոյուղատար համակարգը, լուծում են նաև նկուղների հարցերը։
Մինչ այդ զեկուցվեց որոշման նախագիծ, որով Երևան համայնքի 2026 թվականի բյուջեի եկամտային մասում՝ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն ավելացվում է 546,654.0 հազ. դրամով։
«Երևան քաղաքի բյուջեի ծախսային հավելվածով կուղղվի պետական աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում ծրագրին՝ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների թվով 25 կոյուղատար համակարգերի հիմնանորոգման, թվով 2 կոյուղատար և թվով 2 հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով: Վերոնշյալ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,093,307․3 հազ. դրամ: Նախագծով առաջարկվում է հատկացնել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը՝ 546,654․0 հազ. դրամը: Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները»,-ասվում է հիմնավորման մեջ:


