Այդ նամակն ինձ չի հասել և խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա ու մեզ ստուգի. Տաթևիկ Ռևազյան
Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ՀՀ քաղացիական ավիացիային չի զրկել որևէ լիազորությունից։ Այսօր ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը։
Նշենք, որ Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր հայտարարել էր՝ զեկույցում որևէ ձևով նշված չէ, որ թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում։
Գալուստ Պողոսյանն ասաց, որ զեկույցում խոսքը երկու ավիաընկերությունների մասին է, որոնք ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար ունեցել են թույլտվություն:
«Խնդիրներն իրականում ունեն պատմություն: Եվրոպական երկրներում օտարերկրյա օդանավ շահագործողների աուդիտների ժամանակ մեր ավիաընկերություններից որոշներում գրանցել են թերություններ, որոնք կարող են սպառնալիք լինել թռիչքների անվտանգության համար, և միգուցե չեն համապատասխանում միջազգային իրավական կանոնակարգերին: Այստեղից սկսել է առաջանալ որոշակի կասկած այն մարմնի նկատմամբ, որն իրականացնում է վերահսկողությունը»,- նշեց Գալուստ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ դեռևս 2018-19 թթ-ին հայկական ավիաընկերություններից որոշները ներկայացրել են հայտ եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու համար, որոշները երկարաձգելու հայտ են ներկայացրել, և այստեղ նույնպես արձանագրվել են թերություններ: Ըստ նրա, դա հանգեցրել է նրան, որ միջազգային կառույցները սկսել են հետաքրքրվել, ավելի խորը ուսումնասիրել և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում ՀՀ ՔԱԿ-ում:
Գալուստ Պողոսյանն ասաց, որ չի փորձի որևէ մեկին մեղադրել կամ մեղավորներ փնտրել, կան հարուցված քրեական գործեր, և խնդիրը իրավապահ մարմինների վերահսկողության տակ է։
«Այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ սա բոլորի խնդիրն է, ուստի միասնական՝ Կոմիտեն և ավիաընկերությունները, պետք է խնդիրներին լուծում տան։ Բնականաբար, արձանագրված թերություններն անմիջապես ուղղված են Քաղավիացիայի կոմիտեին, որովհետև կոմիտեն ոչ ամբողջական է իրականացրել իր գործունեությունը: Ամենակարևոր փաստն այն է, որ մենք ունենք ծրագիր, հասկանում ենք, թե ոնց կարելի է այդ խնդիրները լուծել, ինչ քայլերով ենք հասնելու անհրաժեշտ մակարդակին»,- նշեց Գալուստ Պողոսյանը։
Իր հերթին Քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ երբ մեր ավիաընկերությունները դիմել են, որ թռիչքային թույլտվություն ստանալ դեպի Եվրոպա, ոչ բոլորն էին պատրաստ այդ քայլին, որտեղ էլ թերություններն արձանագրվել են:
«Մենք ընդունում ենք, որ դա ՔԱԿ-ի հիմնական թերությունն է, քանի որ եթե մենք տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք և արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի և կասեցնեինք դրա գործունեությունը, ապա այն չէր էլ կարողանա դիմել եվրոպական չվերթների համար: Մենք պետք է առաջինը նկատենք, թե որ ավիաընկերությունը խնդիր ունի, ճիշտ չի, որ ավիաընկերությունը դիմի Եվրոպային ու նոր հասկանանք, որ այն խնդիր ունի։ Երբ հասկացանք խնդիրը, ես անձամբ խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա ու ստուգի մեր բոլոր գործընթացները: Բայց համաձայն եմ, որ ընդհանուր համակարգը խնդիր ունի»,- ընդգծեց Տաթևիկ Ռևազյանը։
Հարցին՝ շատ է խոսվում այն մասին, որ ավիացիոն ոլորտում բացթողումները նախորդ իշխանություններն են թույլ տվել և արդյոք իր պաշտոնավարության ժամանակ դրանք չի նկատել, իսկ եթե նկատել է՝ ինչու չի շտկել, Կոմիտեի նախագահը նշեց՝ պետք է ամեն ինչ անել, որ թռիչքային անվտանգության խնդիրները չքաղաքականացնել, այսինքն՝ ասել, թե որ կառավարության կամ ում մեղքն է. «Ունենք խնդիր, որը պետք է լուծվի և վերջ»։
«Երբ ես առաջին անգամ մտա քաղավիացիայի կոմիտե, առաջին քայլն այն էր, որ ստուգեցի Միջազգային քաղաքացիական ավիացիայի աուդիտը։ Մենք շատ բարձր ցուցանիշներ ունենք։ Համեմատում էի և տեսա, որ սկանդինավյան երկրների մակարդակի թռիչքային անվտանգություն ունի Հայաստանը: Այսինքն՝ որևէ հիմք չունեի կասկածելու, որ մենք իրոք լուրջ խնդիր ունենք:
Երբ մեր ավիաընկերությունները դիմեցին Եվրոպա թռիչքների թույլտվության համար, այդ ժամանակ նամակ է ուղարկվել ավիաընկերություններին և Քաղավիացիայի կոմիտեին, այլ ոչ թե կոնկրետ ինձ, որտեղ նշված է եղել, որ մեր ավիաընկերությունները ինչ լուրջ խնդիրներ ունեն, բայց այդ փաստաթղթի, այդ նամակի մասին ինձ չեն զեկուցել: Դա հուլիսն էր: Սեպտեմբերին ես գնացել եմ այցով Մոնրեալ, որտեղ շատ լուրջ միջոցառում էր կազմակերպվել: Պատահական այնտեղ եվրոպական բարձր պաշտոնյաների հետ զրույցում իմացա այդ նամակի մասին: Երբ իմացա՝ կա նամակ, որն ինձ չի հասել, ես սկսեցի ուսումնասիրել, թե ինչ նամակ է, ինչու ինձ չի հասել: Եվ անձամբ խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա ու մեզ ստուգի, այդ թվում՝ նաև ինձ: Աբսուրդ է, որ նամակն ինձ չէր հասել: Դրա հետևանքով քրգործ է հարուցվել»,- հայտարարեց Տաթևիկ Ռևազյանը:


