ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այդ գործով ամեն ինչը քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ․ ԱՆ նախարարը՝ Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա տղային ծեծելու դեպքի մասին

Այդ գործով ամեն ինչը քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ․ ԱՆ նախարարը՝ Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա տղային ծեծելու դեպքի մասին

Ընտրողական մոտեցում չկա, ժողովրդավարական պրոցեսներ են, որոնք մեզ համար ու ձեզ համար ստանդարտից դուրս է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով 16-ամյա տղային Դիլիջանի քրեականի պետի կողմից ծեծի ենթարկելուն եւ դրա հիմքով գործ չհարուցելուն:

«Ստանդարտից դուրս է, երբ կառավարությունը հսկայական գումարների գործ պարտվում է դատարանում: Բոլորս սովոր ենք, որ եթե պետությունն է, կառավարությունն է կողմը, պետք է հաղթի: Ստանդարտից դուրս է, երբ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ-ի վ-ռի հիման վրա: Ստանդարտից դուրս է, երբ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը միեւնույն է առաջխաղացում է ունենում ի հեճուկս գործադիրի»,-ասաց նա:

Անդրադառնալով կոնկրետ գործին, նախարարն ասաց. «Քրեական օրենսգիրքը 81-րդ հոդվածում ունի գործուն զղջալու ինստիտուտ: Այսինքն եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, եւ ոչ մեծ ծանրության, ապա եթե գործուն զղջում է, հատուցում է, ապա գործ կարող է եւ չհարուցվել:

Կոնկրետ այս գործով, ես գտնում եմ, որ կա հնարավորություն, որ վերադաս  դատարանը չեղարկի քննիչի՝ վարույթ չհարուցելու որոշումը, այնուհետեւ դատախազի հաստատումը այդ որոշման: Կա եւս մեկ ատյան, եթե չեմ սխալվում, ժամկետը եռամսյա է, այսինքն ժամանակ կա ուղղելու այս ամենը»:

Այդուհանդերձ Գրիգոր Մինասյանը պնդեց, որ այդ գործով ամեն ինչը քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ է. «Ունենք 81 հոդված, որ գործուն զղջալու հիմքով մարդուն կարող են պատասխանատվությունից ազատել, բայց ֆիքսվում է այդ մարդը որպես հանցանք կատարած անձ: Այսինքն այդ մարդը 5 տարի տեղեկատվական բազաներում այդպես է ֆիքսվում: Արդար է, որ ԶԼՄ-ները ֆիքսում են իրենց պատկերացմամբ ոչ 100 տոկոսանոց կոռեկտ գործընթաց: Արդար է, որ հանրությունը վրդովվում է, եւ արդար է, որ կա օրենքով սահմանված ժամկետ, որ դատախազն իրավունք ունի չեղարկել ստորադաս դատախազի եւ քննիչի որոշումները»:

Դիտարկմանը, որ եթե մամուլում աղմուկ չբարձրանար, գործը կոծկվելու էր, գնար, նախարարն արձագանքեց. «Ավելի շուտ պետք է հրապարակեիք: Պետք է լրագրողներն օգնեն մեզ, անընդհատ մեր աչքի դիմաց դնեն, որ հանկարծ մենք չկարողանանք սխալվել: Հուսամ մեր հաջորդ շփումների ժամանակ կկարողանանք արձանագրել, որ արդարությունը  վերականգնվել է»:

Նա մանրամասնեց, թե որն է գործուն զղջումը. «Դա վերաբերում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքներին: Երկրորդ, եթե մարդն առաջին անգամ է հանցանք կատարում, զղջում է հատուցում է եւ քննիչը գտնում է, որ կարելի է այս մարդուն ներել: Հետո դատախազը պետք է հաստատի քննիչի որոշումը, մի հատ էլ ունենք երրորդ ատյան՝ դատախազության ատյանը, որը վերջնական կարողանում է հաստատել կամ հերքել»:

Նա նաեւ գնահատեց մամուլի դերը, որ որոշ բաներ է բացահայտում եւ ստիպում իր լծակներով հարցերը լուծել:

Նշենք, որ արդեն իսկ դատախազի որոշմամբ չեղարկվել է գործ չհարուցելու որոշումը եւ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ  քրեական վարույթ է հարուցվել:

  • Կիսվել: