շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները. վարչապետի օգնական

Աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները. վարչապետի օգնական

Աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները, և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօրվանից եվրոպական շատ երկրներ մեղմում են կորոնովիրուսային համաճարակի դեմ պայքարում ներդրված սահմանափակող միջոցները, արդյոք ՀՀ կառավարությունը առաջիկայում նման քայլի կգնա և կթույլատրի, որ աշխատեն որոշ սրճարաններ, վարսավիրանոցներ, տնտեսական, հագուստի, կոսմետիկայի խանութներ, իհարկե, պահպանելով անհրաժեշտ կանոնները։

Վարչապետի օգնականի խոսքով՝ կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, այս մասին կիմանանք այս շաբաթ՝ պարետատան կողմից պաշտոնական հաղորդագրության միջոցով։

«Տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշ տնտեսվարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը»,- ընդգծեց նա։

Վարչապետի օգնականին նաև հետևյալ հարցն էր ուղղվել՝ թեև Հայաստանում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրությանը, սակայն մեքենաների ու մարդկանց շատ մեծ տեղաշարժ կա, նաև նկատելի չեն ոստիկանները, որոնք ստուգում էին մարդկանց տնից դուրս գալու նպատակը, ուստի դա կառավարությանը, պարետատանը չե՞ն անհանգստացնում։ Նաիրի Սարգսյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ոստիկանությունը շարունակում է կատարել իր աշխատանքը Հայաստանի տարածքում։

«Հնարավոր է որոշ ժամերի աշխուժություն նկատվի, ինչը կարող է պայմանավորված լինել վերջին մի քանի որոշումներով,  երբ, օրինակ, թույլատրվեց բացօթյա շինարարությունը, մի քանի այլ ոլորտների գործունեությունը։ Սակայն ակնհայտ է, որ փողոցի շարժը հնարավոր չէ համեմատել սովորական օրերի անցուդարձի հետ»,- նշեց նա։

  • Կիսվել: