«Աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկը». ՆԳ նախարարը՝ նոր կենսաչափական անձնագրերի մասին
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի նոր կենսաչափական անձնագրի անվտանգային և պաշտպանական հիմնական տարրերը, որոնք, ըստ նրա, փաստաթուղթը դարձնում են աշխարհի ամենաանվտանգ անձնագրերից մեկը։
Անձնագրի էջերում առաջին հայացքից չնկատվող պաշտպանական տարրերից են միջնադարյան ճարտարապետական նմուշներից վերցված հայկական վարդազարդերն ու երկրաչափական նախշերը։ Հատուկ մշակման արդյունքում դրանք վերածվել են միահյուսված ցանցի, որի ամենանուրբ գծերն ու առկա գրառումները տեսանելի են միայն խոշորացույցով։
Երկրորդ անվտանգային տարրը խաղաղության աղավնին է։ Ուլտրամանուշակագույն լույսի ներքո էջերում հայտնվում է աղավնու պատկերը, իսկ էջերն արագ թերթելիս ստեղծվում է տպավորություն, թե այն թռչում է։
Երրորդ կարևոր տարրը եռագույն մարաթելն է։ Ըստ Արփինե Սարգսյանի՝ թեև մարաթելեր կան աշխարհի բոլոր անձնագրերում, Հայաստանի համար մշակվել է հատուկ լուծում․ անձնագրի թղթի բաղադրության մեջ ավելացվել է Հայաստանի դրոշի տեսքով մարաթել, որը նույնպես տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
Նախարարի խոսքով՝ նշված տարրերը նոր կենսաչափական անձնագրի պաշտպանական մեխանիզմներից ընդամենը մի քանիսն են։



