Արտախորհրդարանական ուժերը չարաշահում են ազատ մամուլի հնարավորությունները. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով իր՝ ժողովրդավարության և անվտանգության խնդիրների մասին հոդվածին, նշեց, որ նպատակն այդ թեմայի շուրջ քննարկում ծավալելն է։
«Հայաստանի համար սա նոր իրավիճակ է, և պետք է ավելի շատ խոսենք մեր ժողովրդավարության զարգացման, կայացման և պահպանության մասին»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ ինքը ոչ թե խնդիր է տեսնում, որ այդ ուժերը իշխանության կգան, այլ խնդիր է տեսնում, որ իրենք, այսպես ասած, չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, ազատ մամուլի հնարավորությունները, հասարակությունում պառակտում են մտցնում և խնդիրներ են ստեղծում։
«Այս առումով մենք քննարկում ենք ծավալում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այդ խնդիրներին լուծում տալ։ Հոդվածում խոսել եմ նաև, որ այս խնդրի լուծումը նման է ածելիի ծայրով քայլելուն, և այդ սահմանը շատ նուրբ է։ Պետք է կարողանանք շատ նուրբ այդ սահմանը պահենք և այս սահմանով գնալով պահպանենք ժողովրդավարության սկզբունքներն ու անվտանգությունը երկրում։ Նորից եմ կրկնում՝ հաճախ այդ ուժերը չարաշահում են ժողովրդավարության տված հնարավորությունները»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
Նա չցանկացավ նշել, թե խոսքը որ ուժերի մասին է, այնուհետև ավելացրեց՝ բնականաբար, դրանք արտախորհրդարանական ուժերն են, որոնք հիմնականում հանդես են գալիս ֆեյք հաշիվների միջոցով և ոչ հրապարակային։ «Այսինքն՝ կեղծ լուրեր մեծ մասը տարածում են կեղծ հաշիվների միջոցով՝ դրանցում ունենալով ավելի մեծ ազատություն, ինչը բացասական երևույթների տեղիք են տալիս»,- ընդգծեց նա։
Հարցին, թե արդյոք նկատի ունի նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դժվար է իմանալ՝ այդ ֆեյք հաշիվների հետևում ովքեր են կանգնած, քանի որ տվյալների մասով սահմանափակումներ կան. «Հաճախ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրում, բայց այդ մասով տարբեր ուժերի հետ կապված որոշակի կասկածներ էլ են առաջանում»։