շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ոստիկանությունը կազմել է 10377 վարչական արձանագրություն. Մհրյան

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ոստիկանությունը կազմել է 10377 վարչական արձանագրություն. Մհրյան

Այս պահին Հայաստանում բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար կա 67 հատուկ անցակետ ։ Ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, այդ անցակետերում ամենօրյա ռեժիմով ծառայություն են իրականացնում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ՃՈ աշխատակիցներ, ազգային անվտանգության և ռազմական ոստիկանության ծառայողներ։

Ներկայացնելով որոշ տվյալներ՝ փոխոստիկանապետը նշեց, որ հանրապետությունում մեկուսացման 37 վայր կա՝ այդ թվում հիվանդանոցներ և հյուրանոցներ։

Նրա խոսքով՝ ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու և բնակության վայրում վերջիններիս շփումները և տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ։

Բացի այդ, ըստ Հայկ Մհրյանի, ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել 1606 հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների անցկացման նկատմամբ, որպեսզի 20-ից ավելի անձ չմասնակցի դրան։

Փոխոստիկանապետը նշեց նաև, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար էլ, ոստիկանությունը կազմել է 10377 վարչական արձանագրություն, որից 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում։

Մհրյանն նաև հայտնեց, որ Իրանից Հայաստան  մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը արտակարգ դրության օրերին եղել է 1271, որն իրականացվել է 1197 կարգախմբի կողմից։ Ըստ նրա՝ ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում իրականացվել է 106 տրանսպորտային միջոցի ուղեկցում։

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը և իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստանի Հանրապետություն և մեկուսացման վայրեր։ 8 անգամ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը 16 կարգախմբի միջոցով։

Բացի այդ, ըստ նրա, դեպի Արցախի Հանրապետություն թույլատրվել է 2946, արգելվել՝ 603 տրանսպորտային միջոցի մեկնումը։

 

  • Կիսվել: