կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ. ԱՆ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ. ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

Բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների տեսքով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:

 

Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:

Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարին Covid-19 – ի ընթացքում հնդիկ ուսանողներին հոգ տանելու համար:
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում:

  • Կիսվել: