Առողջապահության ոլորտը հիմա մի թեթև շնչում է, եկեք այդ շունչը չփակենք․ նախարար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի, նախատեսվում է ավելացնել պետպատվերի շրջանակներում զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնության ծավալը։
Քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս որոշման համար կհատկացվի 300 մլն դրամ և, եթե Առողջապահության նախարարությունը չկարողանա հայթայթել իր խնայողություններից, ապա կկատարվի փոփոխություն 2020 թվականի բյուջեի նախագծում, և այդ գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից:
Նրա խոսքով՝ առողջապահության ծախսերը առաջանցիկ տեմպերով ավելացնելով անհամամասնսություն է առաջանում այլ ոլորտների հետ համեմատությամբ:
«7 տոկոս տնտեսական աճի պայմաններում առողջապահության ծախսերը 2019թ-ին 2018-ի համեմատ աճել են 22 տոկոսով։ Կխնդրեմ, որ պահուստային ֆոնդի վրա այդքան մեծ հույս չկապեք, քանի որ այդ միջոցները կորոնավիրուսի համավարակի պատճառով օգտագործվում են բազմաթիվ խնդիրների լուծման համար։ Իսկ այս դեպքում մենք ստանձնում ենք երկարաժամկետ պարտավորություն»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ միաժամանակ հավելելով, որ հայցում է պոտենցիալ շահառուների ներողամտությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ներկայացված վիճակագրությունն ունի խնդիրներ, բայց իրականում 7% աճի պայմաններում լավ վիճակագրություն է։
«22%-ով ավելացրել ենք առողջապահության ոլորտի ծախսերը և դրանք այն գումարներն են, որոնք ծախսվում են մարդականց առողջությունը պահպանելու համար, իսկ մարդկային կապիտալն ամենակարևորն է»,- ասաց վարչապետը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ անդրադառնալով Ջանուղազյանի ներկայացրած թվերին, ասաց.
«Առողջապահության ոլորտը ավանդաբար լինելով թերֆինանսավորված, դեռ անկախության առաջին տարիներից սկսած, հիմա մի թեթև շնչում է: Եկեք այդ շունչը պարզապես չփակենք և առաջանցիկ տեմպերով ավելացնենք ծախսերը»:


