Արմավիր քաղաքի շենքերից մեկի բակում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել քաղաքացուն, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 18 շենքի բակում Արմավիրի մարզի բնակիչներ 14-ամյա Ա․ Գ․-ն, 13-ամյա Գ․ Ղ․-ն, 13-ամյա Ա․ Ս․-ն և 12-ամյա Ս․ Պ․-ն վիճել են Արմավիրի մարզի բնակիչ 13-ամյա Ն․ Մ․-ի հետ, որի ընթացքում բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։



