«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը որևէ կերպ չի դադարեցվել. Կարեն Վարդանյանի հայտարարությունը սխալ է. fip.am
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Lratvakan.am ռադիոյի եթերում հայտարարել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում սաբոտաժ են անում. դադարեցվել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը, գրում է fip.am-ը:
Կարեն Վարդանյանը նշել է, որ 2019-ին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ սովորում է 33-ից ավելի աշակերտ: Ըստ նրա՝ ցուցանիշը ռեկորդային է: «Մեր համար առաջին սյուրպրիզն այն էր, որ կառավարության որոշումը՝ 860 մլն դրամ տրամադրելու մասին, 284 խմբակի վերաբերյալ, վերաբերում էր միայն սարքավորումներին։ Ծրագիրը միայն սարքավորումը չէ, պետք է վերապատրաստում անես խմբակավարների համար, զբաղվես խմբակավարների ընտրությամբ…»,- մասնավորապես, նշել է նա։
Հարցազրուցավարի դիտարկմանը, թե կա՞ հստակ բացատրություն, թե ինչո՞ւ է ֆինանսավորումը դադարում, Կարեն Վարդանյանը պատասխանել է. «Ոչ, ոչ մի խոսակցություն չկա, շփում չկա, իրենք համարում են, որ իրենց քաշի բան չի մեզ հետ խոսելը»։
Կարեն Վարդանյանի այս հայտարարությանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշել է, որ Կարեն Վարդանյանն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ է ստացել ավելի քան 800 միլիոն դրամ երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար և «իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում»:
««Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ-ի նախկին անվանումը-խմբ․) հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար: ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:
Հ.Գ. ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիո»,- գրել է նախարարը։
Fip.am-ի հետ զրույցում Կարեն Վարդանյանը նշեց, որ ավելի ճիշտ է ամբողջ հարցազրույցը լսել, քանի որ իր պնդումները խմբակավարների վերապատրաստման և ընտրության ֆինանսավորմանն են վերաբերում։
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը նշեց, որ որևէ կերպ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը չի դադարեցվել։
Անժելա Կժդրյանը Fip.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ 2020 թվականին կառավարությունը տրամադրել է 671,7 մլն դրամ, որը 126 միլիոնով ավելի է, քան անհրաժեշտ է խմբակների գործունեության համար։
«Ավելին՝ կառավարությունը, ի դեմս նախարարության, առաջնահերթություն է համարում դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, և երբ ծրագրի մոնիտորինգ կամ գնահատում կարվի, նոր լաբորատորների ստեղծման համար կորոշեն և՛ ֆինանսավորման չափը, և՛ ֆինանսավորման հատկացման մեխանիզմները»,- ասաց նա։
Անժելա Կժդրյանի խոսքով՝ 2019-ին 422 խմբակի գործունեության համար նախարարությունը հատկացրել է 352 մլն դրամ, դրան գումարած նախատեսել է 834 մլն դրամ գումար 284 լաբորատորիաների ստեղծման համար։ «Բայց 2019-ի բյուջեն ԱՏՁՄ-ն շուրջ 60 մլն դրամով թերակատարել է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն շեշտադրմանը, որ վերապատրաստումների բյուջեն է դադարեցվել, խոսնակը նշեց, որ կառավարությունը երբեք որևէ տարի չի տրամադրել գումար վերապատրաստումների ճամբարների ստեղծման համար։ «Այսինքն՝ նման ֆինանսավորում երբևէ չի էլ եղել, որ դադարեցվի․ նախկինում իրենք ստեղծել են լաբորատորիաներ, ու այդ լաբորատորիաների աշխատանքն ապահովելու համար իրենք խմբակավարներին վարձատրել են կառավարության հատկացրած միջոցներով․ մեր կառավարությունը ոչ միայն գումար է տրամադրել խմբակավարների վարձատրության համար, այլև գումար է հատկացրել լաբորատորիաների ստեղծման համար»,- ասաց նա։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք դիտարկում են «Արմաթ» լաբորատորիաների աշխատանքն առանց ԱՏՁՄ-ի հետ համագործակցության։ Ըստ նրա, իրենք այս պահին որևէ ծրագիր չունեն, թե ինչպես են շարունակելու աշխատել, և այդ մասին տեղյակ է նաև ԱՏՁՄ-ն։
«Մենք շարունակելու ենք աշխատել, համենայն դեպս մոտավորապես 600 լաբորատորիաները, որ կան, դրանք գործելու են, և լրացուցիչ ներդրումներ լինելու են։ Եթե այս տարվա բյուջեն նայեք, արդեն նախատեսել ենք խմբավարների համար գումարները՝ ոչ այնքանով, որքան լաբորատորիաներ կան, այլ նաև լրացուցիչ լաբորատորիաների համար»,- նշել է նա։