կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախցիների երկրորդ խումբը Գյումրիից Ստեփանակերտ է վերադարձել

Արցախցիների երկրորդ խումբը Գյումրիից Ստեփանակերտ է վերադարձել

Շիրակի մարզից Արցախ է վերադարձել 123 փախստական: Նրանց հերթական խումբը Գյումրիի կենտրոնական հրապարակից Ստեփանակերտ է ուղևորվել այսօր: Շիրակի մարզպետարանը հաշվառել է բոլոր վերադառնալ ցանկացողներին և նրանց համար կազմակերպվում են անվճար ուղևորափոխադրումներ:

Այսօր Արցախ են վերադարձել Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի և անգամ Հադրութի շրջանների բնակիչները: Ում տները կանգուն են, վերադառնում են ամեն ինչ նորից սկսելու, իսկ թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչները ժամանակավոր օթևանելու են Արցախի մայրաքաղաքում, մի օր իրենց տները վերադառնալու հույսով:

Վաղ առավոտյան Գյումրիի կենտրոնական հրապարակում արցախցիներն էին հավաքվել: Տուն վերադարձի տրամադրություններով պայմանավորված՝ իրարանցում էր: Ստուգում էին՝ ամեն ինչ վերցրել են, թե ոչ, ճամպրուկներն արդյոք կտեղավորվեն ավտոբուսում: 2 ամիս է՝ Գյումրիում էին ապրում: Հիմա ճամպրուկները կապել են, տուն են շտապում: Արցախ վերադարձողների մեծ մասը ստեփանակերտցիներն են: Արցախի մայրաքաղաքը վերադարձել է խաղաղ կյանքին:

Հողը պաշտպանելու են ապրելով ու շենացնելով: Սա է արցախցիների համոզմունքը: Հայաստանում գտնվելու առաջին օրից սպասում էին Արցախ վերադառնալուն: Շատերի տները կանգուն են: Բացի Ստեփանակերտից, Գյումրիից այսօր տուն էին վերադառնում Ասկերանի ու Մարտակերտի շրջանների բնակիչները:

  • Կիսվել: