հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանը կանգնած է Հայաստանի  կրթության համակարգի զարգացման ճանապարհին. Մարուքյան

Արայիկ Հարությունյանը կանգնած է Հայաստանի  կրթության համակարգի զարգացման ճանապարհին. Մարուքյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տապալել է ամեն ինչ: Այս մասին այսօր խորհրդարանում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի մասին քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դուք տապալել եք այսպես կոչված բարեփոխումները, ամբողջ համակարգը ճահիճի մեջ է, դուք կամք չեք դրսևորել՝ իրական բարեփոխումներ իրականացնելու, ով ձեզ հետ համաձայն է եղել, նրանց հետ համերաշխ եք եղել, ով համաձայն չի եղել՝ հետապնդման է ենթարկվել: Մշակույթի ոլորտը տապալված է, սպորտը տապալված է, երկրում երիտասարդական քաղաքականություն չկա: Եվ սա է ձեր աշխատանքի արդյունքը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում էլ պատգամավորն ասաց՝ ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է Արայիկ Հարությունյանին, բայց ԼՀԿ-ն չի կարող խնդիրները չբարձրաձայնել ԱԺ-ում և կարծում են՝ Արայիկ Հարությունյանն իր ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է և պետք է հեռանա:

Ըստ նրա, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է, բնականաբար, ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից:

«Կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի և նա կանգնած է Հայաստանի  կրթության համակարգի զարգացման ճանապարհին»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև ասաց, որ իշխանությունը չունի քաղաքական կամք, որպեսզի խոստովանի, որ սխալ կադր է ընտրել, իսկ Արայիկ Հարությունյանի արդարացումն այն է, թե «ես հեղափոխություն արած տղա եմ»:

«Կրկնում եմ՝ Արայիկը կարող է ինքն իրեն հրաժարական տալ, ոչ թե սպասել խորհրդարանի առաջարկությանն ու վարչապետի ազատմանը: Ոլորտն ամբողջովին ճահճի մեջ է»,- ընդգծեց Էդմոն Մարուքյան։

  • Կիսվել: